Մատչելիության հղումներ

Հայաստանը «հետևողականորեն աջակցում է հրադադարի համաձայնությունների իրականացմանը»


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանը կոչ է անում «Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից»: Այս մասին հայտարարում է Արտգործնախարարությունը:

«Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Հայաստանը հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը, շեշտում է Արտգործնախարարությունը:

«Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - ասված է հայտարարությունում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

XS
SM
MD
LG