Մատչելիության հղումներ

Միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի, շեշտում է ՀՀ ԱԳՆ-ն


Միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրությամբ Արտգործնախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի պնդումը, թե Բարդայի շրջանի ուղղությամբ հայկական կողմը 4 հրթիռ է արձակել:

«Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից:

Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից», - ասված է ՀՀ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG