Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ դռնփակ բանակցությունների ու մարտադաշտում ստեղծված իրավիճակի մասին


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում, 9-ը հոկտեմբերի, 2020
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում, 9-ը հոկտեմբերի, 2020

«Ալիևը դիմադրում էր հրադադարին»

Washington Post-ի հեղինակավոր վերլուծաբան Դեյվիդ Իգնատիուսը մանրամասներ է հրապարակել Միացյալ Նահանգների վերջին դիվանագիտական ջանքերից, որոնց նպատակն էր դադարեցնել արդեն ավելի քան մեկ ամիս Ղարաբաղում շարունակվող պատերազմը։

«Հրադադարի շուրջ համաձայնության հասնելը մղձավանջ է ցանկացած դիվանագետի համար․ առավելություն ունեցող կողմը չի ուզում հրաժարվել ձեռքբերումներից, պաշտպանվողն էլ չի ուզում զիջումների գնալ հրացանի փողի տակ։ Դա էր այն մարտահրավերը, որի առաջ կանգնած էին պետդեպարտամենտի պաշտոնյաները, երբ անցած շաբաթ բանակցում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն հրադադար հաստատելու համար», -գրում է Իգնատիուսը՝ հավելելով, որ այդ բանակցություններում Միացյալ Նահանգներն ընդգծել է՝ երկու կողմն էլ պետք է ընդունեն, որ ստատուս քվոն փոխվել է։

«Համոզվելու համար, որ հայկական կողմը ընդունում է փոխզիջումների անհրաժեշտությունը, այս ուղերձը փոխանցվել է ամերիկահայերին։ «Անշուշտ, մենք պատրաստ ենք բանական փոխզիջումների», - հոդվածագրին ասել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Սակայն ադրբեջանական կողմը, կարծելով, թե առավելություն ունի, դիմադրել է․ - «Կիրակի գիշերվա երեքին Պետդեպը տեղեկություն է ստացել, որ նախագահ Ալիևը հրաժարվում է համաձայնությունից, քանի որ այն չի հստակեցնում, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն։ Տեքստը վերաշարադրվել է, ավելացվել են «ժամանակացույց» բառը, ինչպես նաև այլ եզրույթներ ու արտահայտություններ՝ «համապարփակ լուծման հասնելու» համար, ինչպես Ալիևն էր ցանկանում։ Նոր տարբերակը հավանության արժանացավ Բաքվում, Երևանում, Մոսկվայում և Փարիզում, սակայն այդ համաձայնությունն էլ շատ արագ հօդս ցնդեց»։

«Ալիևը դեռ հավատում է մարտադաշտում իր մոտալուտ հաղթանակին, հայերն էլ հաստատակամ են շարունակել պայքարը՝ թույլ չտալու ադրբեջանցիների մուտքը Լաչինի միջանցք։ Զինվորները կռիվը չեն դադարեցնի, քանի դեռ շարունակումը խոստանում է ավելի մեծ ձեռքբերումներ», - արձանագրում է Washington post-ի վերլուծաբանը,առաջարկելով Նահանգներին գնալ հակառակ ճանապարհով ՝ գտնել մի տարբերակ, որի դեպքում պատերազմի շարունակո՛ւմը թանկ կնստի կողմերի վրա։

Իգնատիուսը մի քանի տարբերակ է առաջարկում՝ Բաքվին իսրայելական զենքերի մատակարարումը դադարեցնելուց մինչև Ադրբեջանի ու նրա դաշնակից Թուրքիայի հասցեին ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունը՝ հրադադարը արհամարհելու համար»։

Հակամարտությունը շուտով կարող է հասնել անշրջելի ու վտանգավոր կետի

«Միջնորդները պետք է մեծացնեն ճնշումները, ժամանակի կորուստը կարող է սարսափելի հետևանքների հանգեցնել», - պնդում է տարիներ առաջ բանակցային գործընթացի անմիջական մասնակից Քերի Քավանոն բրիտանական Financial Times-ում հրապարակած հոդվածում։

«Եթե Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չակտիվացնեն դիվանագիտական ջանքերը, ռազմական գործողությունները կարող են կտրուկ սրվել։ Արտաքին ուժերը, մասնավորապես, Թուրքիան և Ռուսաստանը կարող են հեշտորեն ներքաշվել այս պատերազմի մեջ»,- զգուշացնում է Մինսկի խմբի նախկին համանախագահ, ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, քր պատերազմի ընդարձակման վտանգն աճում է օր-օրի։ Փաստելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստվում են Մինսկի խմբի հովանու ներքո վաղը ժնևում նստել բանակցությունների սեղանի շուրջ, ամերիկացի դիվանագետը գրում է՝ այդ հանդիպմանը միջազգային դիվանագիտությունը պետք է առավել հետևողական լինի ու մեծացնի ճնշումը։

«Ռուսաստանը, թերևս ամենամեծ հնարավորություններն ունի , առավել ևս, որ այժմ Միացյալ Նահանգները նախագահական ընտրությունների վերջին փուլ է մտել։ Ամեն դեպքում, սակայն, դիվանագիտական ջանքերը պետք է համաձայնեցվեն խմբի բոլոր երեք անդամների միջև՝ առավելագույն արդյունքի հասնելու համար»։

Բաքվում այլ ակնկալիքներ ունեին Փաշինյանից

Հեղինակավոր New York Times-ը, վերլուծելով, թե որտեղից է գալիս այս հակամարտությունը, և ինչու է սրվել հենց հիմա, գրում է․ - «Երբ Հայաստանի կառավարությունը սկսեց կոշտ հայտարարություններ անել, Ադրբեջանը գործի անցավ»։

Թերթի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը պնդել է, թե Բաքուն այլ քաղաքականություն էր ակնկալում Հայաստանի նոր կառավարությունից ղարաբաղյան հարցում, որին , սակայն, այդպես էլ ականատես չեղավ։ «Բանակցային գործընթացը վերջնականապես տապալվեց, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստան է», - պնդել է Հաջիևը։

«Թեև հստակ է, որ պատերազմը նախաձեռնողը Ադրբեջանն է, սակայն, վերլուծաբանների կարծիքով, հայկական կողմի այդ ժողովրդահաճո հայտարարություններն էլ իրենց դերն են ունեցել», - գրում է New York Times-ը՝ մեջբերելով ամերիկահայ պատմաբան, Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհդական Ժիրար Լիպարիտյանի խոսքերը․ «Մենք տարվեցինք մեր երազանքներով՝ հնարավորինի վրա կենտրոնանալու փոխարեն»։

Վելուծելով հակամարտության անցած երեսուն տարիներն ու կարգավորման ապարդյուն փորձերը՝ New York Times-ը գրում է․ - «Այդ ընթացքում Իլհամ Ալիևը, որ ժառանգել էր նախագահությունն իր հորից, զինում էր բանակը՝ նավթից ու գազից ստացած եկամուտներով արդիական զինատեսակներ գնում, իր զինվորականներին ուղարկում էր Թուրիքա՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով վերապատրաստվելու»։

«Վզգլյադ» Բաքուն պլանը ձախողեց, բայց հայկական կողմում էլ կան բացթողումներ

«Ադրբեջանական բանակը նախատեսում էր իր առջև դրած ծրագիրն ավարտին հասցնել մեկ ամսում, սակայն, չհաջողեց։ Առաջնագծի որոշ հատվածներում հարձակումը ընդհանրապես տապալվել է, չեն լուծվել նաև Բաքվի համար կարևոր քաղաքական խնդիրները», - գրում է ռուսական «Վզգյադը»։ Պարբերականը միաժամանակ փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է որոշ հաջողությունների հասնել և կոտրելով Ղարաղաղի պաշտպանական գիծը՝ առաջանալ մի քանի տասնյակ կիլոմետր։

«Հայկական կողմի թերացումները մարտավարական, հետախուզական և որոշ չափով հոգեբանական պատճառներ ունեն», - պնդում է հոդվածագիրը, միաժամանակ ընդգծելով, թե այդ ցավոտ բացթողումները վերաբերում են ոչ միայն Փաշինյանի իշխանավարման շրջանին, այլև այն տաօրինակ վերաբերմունքին, որ ունեին Ստեփանակերտն ու Երանը վերջին քսանհինգ տարում առաջնագծում տիրող իրադրության հանդեպ։

«Չէ որ բոլորն էլ շատ լավ գիտեին, որ ռազմական ռևանշը Ադրբեջանի համար ազգային առաջնահերթությունն է, մինչդեռ Երևանում որևէ մեկն այդ ընթացքում մատը մատին չտվեց, որպեսզի հին պաշտպանական մեծանիզմները համապատասխանեցնեն նոր պատերազմական իրողություններին», -եզրափակում է ռուսական «Վզգյադը»։

XS
SM
MD
LG