Մատչելիության հղումներ

Պեսկովը վերահաստատել է, որ Թուրքիան չի կարող լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդ


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով

Պաշտոնական Մոսկվան այսօր հերթական անգամ ընդգծել է, որ Թուրքիան չի կարող լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդ երկիր, քանի որ դրան համաձայն չէ հակամարտող կողմերից մեկը՝ Հայաստանը։

«Ռուսաստանը արել և ամեն է հնարավոր ամեն բան՝ իրավիճակը դիվանագիտական, քաղաքական կարգավորման հարթություն տեղափոխելու համար։ Մենք նախկինի պես համոզված ենք, որ դիվանագտիական կարգավորմանը այլընտրանք չկա», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հավելել է, որ ռուսական կողմը մտադիր է «այսուհետ ևս գործադրել բոլոր ջանքերը այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար»․ - «Այլ ելք պարզապես չկա»։

Պաշտոնական Մոսկվան ևս մեկ անգամ այսօր նաև հայտատարել է, որ հակամարտության կարգավորման միջնորդներ կարող են լինել միայն այն երկրները, ում միջնորդությունն ընդունելի կլինի հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։ Պեսկովի խոսքով՝ կարգավորման գոյություն ունեցող ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությունը ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից։ Նման պատասխան է տվել Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորմանը Թուրքիայի ներգրավման հնարավորության մասին հարցին։

Ռուսաստանաբնակ հայերը ցույցեր չեն կազմակերպում, բայց նրանց օգնությունը Հայաստանին և Արցախին իսկապես մեծ է

Ղարաբաղյան խնդիրը շարունակում է մնալ Ռուսաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Իսկ Ղարաբաղյան պատերազմն արդեն շուրջ մեկ ամիս է կաթվածահար է արել Ռուսաստանի հայ համայնքի բնականոն կյանքը։ Ռուսաստանաբնակ հայերը ցույցեր չեն կազմակերպում, բայց նրանց օգնությունը Հայաստանին և Արցախին իսկապես մեծ է։ Պատերազմը սկսվելուց ի վեր Մոսկվայում ստեղծվել են հարյուրավոր խմբեր, որոնք օգնում են Արցախին և հայկական բանակին։

Ռուսաստանի հայերի միությունը, օրինակ, առանց արձագանքի չի թողնում ռուսաստանցի պաշտոնյաներից և հայտնի գործիչներից ոչ մի հայտարարությունը Արցախի մասին։ Նաև ամենօրյա ռեժիմով հումանիտար օգնություն է կազմակերպում Արցախի համար։

«Հենց [սեպտեմբերի] 27-ին շտաբ է ստեղծվել Ռուսաստանի հայերի միությանը կից՝ ներգրավելով մյուս հայկական կազմակերպությունները, և շտաբը կոորդինացնում է բոլոր աշխատանքները՝ սկսած ֆինանսական օգնությունից և վերջացրած հումանիտարով։ Եվ բոլորին մենք խորհուրդ ենք տալիս դրամը ուղարկել երկու գործող հաշվիներին՝ հիմնադրամին և Արցախի ֆինանսների նախարարության հաշվին, և չկազմակերպել ոչ մի մասնավոր դրամահավաք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը՝ հավելելով․ - «Մեր շտաբը նաև մարդասիրական օգնություն է ուղարկում։ Մենք ցուցակ ունենք, թե ինչի կարիք կա։ Ամենօրյա կապի մեջ ենք, միության նախագահ Արա Աբրահամյանը կապի մեջ է Ղարաբաղի իշխանությունների հետ, և ըստ այդմ մենք գործում ենք»։

Մոսկվայում ապրող գործարար Նիկոլայ Պետրոսյանի բարեկամներից, ընկերներից շատերն են մեկնել Արցախ՝ թշնամու դեմ կռվելու, բայց ինքը համոզված է, որ Մոսկվան այն քաղաքն է, որտեղ հայերը լուրջ ներուժ ունեն և նրանց ֆինանսական օգնությունն Արցախին այսօր ավելի կարևոր է․ - «Կա երեք ուղղություն։ Առաջինը հայկական հիմնադրամին օգնելն է։ Դա պարզապես Ֆեյսբուքում գրառումներ ենք կատարում, որպեսզի մարդիկ չմոռանան և պարբերաբար գումարներ փոխանցեն «Հայաստան» հիմնադրամ, որովհետև շատ կարևոր է, որպեսզի այդ հանգանակությունները լինեն ռեգուլյար։ Երկրորդը բուժօգնությունն է։ Մոսկվայում գործում է «Վիվա» բարեգործական հիմնադրամ, և շատ կարևոր է, որ այն ունի ուղղակի կոնտակտներ Հայաստանում հոսպիտալների հետ։ Այսինքն՝ նրանք հասցեագրված օգնություն են ցուցաբերում կոնկրետ հիվանդանոցնեին, գիտեն այս հիվանդանոցին այսինչ բանն է հարկավոր։ Եվ երրորդը նույնպես հումանիտար բնույթի օգնություն է արցախցիներին, որոնք այս օրերին զրկվել են իրենց օթևաններից»։

XS
SM
MD
LG