Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ՆԱՏՕ-ում դատապարտեց դաշինքի անդամ Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան խնդրին


Հայաստանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը, Բրյուսել, 21-ը հոկտեմբերի, 2020թ.
Հայաստանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը, Բրյուսել, 21-ը հոկտեմբերի, 2020թ.

Հայաստանի նախագահը երեկ հենց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացրեց ղարաբաղյան խնդրին Թուրքիայի միջամտության հարցը, ընդգծելով՝ քանի դեռ կառույցի անդամ Անկարան ետ չի կանգնել այդ քաղաքականությունից, Հարավային Կովկասում անհնար է խաղաղություն հաստատել։ «Երբեմն տպավորություն է, ասես ղարաբաղյան հակամարտությանը նաև երրորդ կողմն է մասնակցում», - Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարեց Արմեն Սարգսյանը։

«Բազմաթիվ փորձագետներ փաստում են երրորդ կողմի միջամտությունը, որը քաղաքական, դիվանագիտական և խոշոր ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Երրորդ կողմը, որը ներգրավված է գործողություններում և իսլամիստ ահաբեկիչների է բերել այս տարածք։ Եվ, դժբախտաբար, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է», - շեշտեց Հայաստանի նախագահը:

Պաշտոնական Երևանն այս մտահոգությունը բարձրաձայնում է արդեն շաբաթներ շարունակ։ «Ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել», - Բրյուսել մեկնելուց առաջ ասել էր նախագահ Սարգսյանը Politico-ին տված հարցազրույցում:

Ռազմական կառույցի գլխավոր քարտուղարը երեկ իր խոսքում այս հարցին որևէ կերպ չանդրադարձավ։ Յենս Ստոլտենբերգը միայն կրկնեց, թե ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտությամբ չի զբաղվում, բայց շահագրգռված է խաղաղությամբ ու անվտանգությամբ և հորդորում է կողմերին հրադադար հաստատել։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկերներ են», - ընդգծեց կառույցի գլխավոր քարտուղարը:

«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է հրադադարի շարունակական խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի ու ողբերգական կորուստների։ Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Ամեն ինչ պետք է արվի խնդրի կայուն, քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վերսկսեն բանակցությունները, և այս առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը մնում են վճռորոշ», - հայտարարեց Ստոլտենբերգը:

Հայաստանը նախագահն իր ելույթում հենց իր՝ Ստոլտենբերգի խոսքերը վկայաբերեց․ - «Այո, Հայաստանը ողջ այս տարիների ընթացքում եղել է ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերը՝ խաղաղապահներ ուղարկելով Կոսովո և Աֆղանստան՝ ահաբեկչության դեմ պայքարի համար։ Ես, սակայն, այսօր այստեղ եմ ոչ միայն վերահաստատելու մեր՝ տարիների համագործակցությունը, այլև խոսելու մի բանի մասին, որ վերաբերում է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին ու Ղարաբաղի ժողովրդին, այլև ողջ տարածաշրջանին», - հայտարարեց Արմեն Սարգսյանը։ «Երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարեցնի լինել հակամարտության մասն ու կողմը և իր ներդրումն անի կրակը դադարեցնելու գործում, երբ հասկանա, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորում, ապա մենք կկարողանանք հետևել հրադադարի ռեժիմին, ինչից հետո կնստենք բանակցությունների սեղանի շուրջ և կգտնենք խաղաղ կարգավորում», - շեշտեց նա:

Այցից առաջ Հայաստանի նախագահը նաև պնդել էր՝ գնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ից բացատրություններ ստանալու, թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ ու F-16 կործանիչներ ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում»:

Երեկվա հանդիպումից հետո, սակայն, Ստոլտենբերգը նաև այս մասին չխոսեց, Հայաստանի նախագահը ևս հրապարակային չասաց՝ ինչ պարզաբանումներ է դաշինքի ղեկավարը տվել հայկական կողմի այս մտահոգությունների կապակցությամբ։

XS
SM
MD
LG