Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պետք է դադարի լինել ԼՂ հակամարտության մաս, շեշտել է Սարգսյանը Բրյուսելում


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ` Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և հատկապես իր մտահոգությունը հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ և առանձնապես՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու առնչությամբ՝ հույս հայտնելով, որ կողմերը կհարգեն հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և կվերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ։

Արդեն հանդիպումից հետո ունեցած ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը նշել է. - «Մենք նաև Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված քննարկում ունեցանք: Ես հիշեցրի նախագահին, որ ՆԱՏՕ-ն այս հակամարտության մաս չի կազմում։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներ են ավելի քան 25 տարի։ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է հրադադարի շարունակվող խախտումներով, որոնք մարդկային կյանքեր են խլել։ ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության համար կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, դադարեն տառապանքներն, ու գտնվի խաղաղ կարգավորում։ Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերն այժմ զսպվածություն ցուցաբերեն, հետևեն հրադադարին և լարվածության թուլացմանը։

Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Բոլորը պետք է աշխատեն՝ հասնելու խնդրի կայուն քաղաքական լուծման։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակում են լինել կարևոր»։

Նախագահ Սարգսյանն իր հերթին համաձայնել է` այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. - «Գնահատում եմ բոլոր երեք համանախագահների և այս երեք երկրների նախագահների աշխատանքը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Լավրովի ջանքերը։ Սակայն, ցավոք, ո՛չ մոտ 10 օր առաջ և ո՛չ էլ նույնիսկ այսօր, երբ մեր արտաքին գործերի նախարարը Մոսկվայում էր, մենք դեռևս տեսնում ենք, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է։ Ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն ամբողջությամբ անընդունելի են։

Լինելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ կցանկանայի այստեղ իմ մտահոգությունները հայտնել, որովհետև, ցավոք, շատ վերլուծաբաններ և նրանք, ովքեր մոտիկից են հետևում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հիմա, երբ այն վերսկսվել է որպես պատերազմ, ասում են, որ այն այլևս հակամարտություն չէ Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի միջև, այլ այնտեղ կա երրորդ կողմ, որը քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Այդ երրորդ կողմը ներգրավված է այդ գործողություններում։ Երրորդ կողմ, որն աջակցել և այս տարածաշրջան է բերել իսլամիստ ահաբեկիչների։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այստեղ լինելով՝ ես չէի կարող չխոսել այդ երրորդ կողմի մասին, որը Թուրքիան է։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին, հասկանա, որ պետք է գտնվի խաղաղ լուծում։ Այդ դեպքում, կարծում եմ, հրադադար կհաստատվի, և դրանից հետո մենք կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, և, ի վերջո, կգտնենք հակամարտության խաղաղ լուծում»։

XS
SM
MD
LG