Մատչելիության հղումներ

Այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, հայտարարում է Փաշինյանը


Այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, այսօր ուղիղ միացմամբ դիմելով ժողովրդին` հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով, որ Ադրբեջանը համաձայն է միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային:

«Այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ, և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում: Ըստ էության, Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի համաձայն չէ, իսկ առանց Արցախի չկա Հայաստան», - նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փոխզիջումների այսօր էլ է պատրաստ, բայց այն, ինչ ընդունելի է հայկական կողմի համար, Բաքուն մերժում է. - «Հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, ըստ էության, պետք է համարենք ավարտված: Ինչո՞ւ, մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Ի՞նչ է նշանակում փոխզիջում, մեր, ասենք, ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ բնականաբար, դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի: Բայց այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար»:

Ուստի, ըստ վարչապետի, պետք է լծվել պայքարի ռազմաճակատում. - «Պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենքի իրավունքի պաշտպանության գործին: Այս պրոցեսն արդյունավետ ու շարունակական, ըստ անհրաժեշտության այնքան, ինչքան հարկավոր է, կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման»:

Փաշինյանը համայնքապետերին, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին կոչ արեց ձևավորել կամավորականների ջոկատներ, որոնք կկռվեն Գլխավոր շտաբի ենթակայությամբ. - «Մենք բոլորս պետք է կանգնենք: Դու ես հենց այն մարդը, որ այսօր պետք է վեր կենա, գնա, զենք վերցնի, գնա, մեր հերոս տղերքի կողքը կանգնի և կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ, կա հաղթանակ, և կա պարտություն»:

Իրավիճակը ճակատում բավական բարդ է, գնահատեց Փաշինյանը, հարավային ողջ երկայնքով ռազմական գործողություններ են, բայց ասաց` Ադրբեջանն էլ վերջին ռեզերվներն է նետել մարտի՝ տալով ահռելի կորուստներ։ Դա է նաև պատճառը, որ Բաքուն, ըստ Փաշինյանի, հումանիտար հրադադարի չի համաձայնում. - «Ադրբեջանը վախենում է, որ մեկ տասնյակ հազարի մոտ դիակներ, մարմիններ, որոնք պիտի իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան, և մենք այսօր պիտի ընդամենը կրկնեք հերոսական հատված. 90-ականներին` ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, վիճակը շատ ավելի հուսահատ էր, շատ ավելի բարդ էր, թվում էր, թե էլ ոչ մի ելք և լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը»:

Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունների հարցում հանրային որոշակի մոլորություն կա, ուստի հայտարարեց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը, Երևանը զգում է Մոսկվայի աջակցությունը որպես ռազմավարական դաշնակից, Կրեմլի հետ կա մշտական հաղորդակացություն. - «Հնարավորինս ամենաբարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար: Ռուսաստանը մինչև օրս արել է առավելագույնը, և համոզված եմ` սրանից հետո էլ կանի առավելագույնը: Սրանում ընդհանրապես չեմ կասկածում»:

XS
SM
MD
LG