Մատչելիության հղումներ

Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Մոսկվայում, 10-ը հոկտեմբերի, 2020թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի և չորեքշաբթի առանձին խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրակի դադարեցման հետ կապված հարցեր: Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Զոհրաբ Մնացականյանի անսպասելի այցի մասին Մոսկվա հայտնի է դարձել այս գիշեր, այսինքն, համաձայն այս հաղորդագրության, Մնացականյանի հետ Լավրովը հանդիպել է գիշերը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և խնդրի կարգավորման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ անհետաձգելի հարցեր, ասված է հաղորդագրությունում:

Ջեյհուն Բայրամովի այցի մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան։ Ընդ որում, Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Բայրամովը Մոսկվա է մեկնել ռուսական կողմի հետ խորհրդակցություններին մասնակցելու համար։

Հայաստանի արտգործնախարարության տարածած կարճ հաղորդագրության համաձայն, Մնացականյան-Լավրով հանդիպման օրակարգում էին Արցախում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը:

Բարձր գնահատելով Ռուսաստանի և անձամբ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, Մնացականյանը փաստել է, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են միայն թղթի վրա և Ադրբեջանը հրադադարը խախտում է:

Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ին մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին, ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթ նպատակ Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:

Ռուսաստանցի փորձագետները, իհարկե, նկատում են, որ Մնացականյանի և Բայրամովի նախկինում չհայտարարված այցերը Մոսկվա տեղի են ունենում հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հայտարարված նրանց բանակցությունների նախօրեին։

Հավելենք՝ երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել նաև այն մասին, որ հոկտեմբերի 22-ին Մոկսվայում կայանալու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Հայաստանի ղեկավարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, սակայն, այս տեղեկությունը հերքեց։

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը: Այս մասին էլ այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք ողջունում ենք երկու առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը», - նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ բանակցությունները, որ տևել էին 11 ժամ, և որի արդյունքում ստորագրվել էր հումանիտար հրադադարի մասին փաստաթուղթ, որը, սակայն, չէր պահպանվել։ Երկրորդ անգամ հրադադարի մասին հայտարարվեց մի քանի օր առաջ, սակայն այս երկրորդ հրադադարը նույնպես խախտվել էր, որի համար կողմերը մեղադրում են միմյանց:

Մոսկվան, այդուամենայնիվ, գրեթե ամեն օր հայտարարում է, որ աշխատում է կողմերի հետ հրադադարը հաստատելու համար անհրաժեշտ մեխանիզմների շուրջ։

XS
SM
MD
LG