Մատչելիության հղումներ

Դավթյանի պնդմամբ` վերջին շրջանում թիրախավորել է նաև Սյունիքը, Գորիսում ԱԹՍ է խոցվել


Արդեն մի քանի օր է` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համակարգում է Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները: «Ազատության» հետ զրույցում զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն ասում է` Ադրբեջանը վերջին շրջանում թիրախավորել է նաև Սյունիքը, հարվածներ են հասցվել մարզում գտնվող զինվորական ենթակառուցվածքներին:

Նախորդ գիշեր Գորիսում դարձյալ անօդաչու թռչող սարք է խոցվել հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից. - «Իրենք փորձել էին անօդաչու թռչող սարքով մուտք գործել տարածք, ոչնչացվել են, դրանով հարցն ավարտվեց: Սա առաջին դեպքը չի ցավոք սրտի, ես նշեցի: Ի պատիվ մեր հակաօդային պաշտպանության միջոցների` բավական ակտիվ և արդյունավետ աշխատում են, չնայած որ հակառակորդն է նաև դասեր քաղել մեր հակաօդային պաշտպանության հզոր համակարգի աշխատելուց և փորձում է խուսավարել կամ այլ հնարքներ օգտագործել, որպեսզի կատարի իր խնդիրը և չխոցվի»:

Հարցին, թե կոնկրետ Սյունիքի մարզում ի՞նչ խնդիր են փորձում լուծել, Արտակ Դավթյանը պատասխանեց. - «Սյունիքի նշանակության առումով, առաջին հերթին հակառակորդը, բնական է, փորձում է վարել հետախուզություն, որպեսզի հասկանա` ինչքանով է Հայաստանն աջակցում Արցախին մարտական գործողությունները վարելու ժամանակ, նաև երևի այլ ռազմական նպատակներ է հետապնդում, դրա համար ակտիվ վարում է հետախուզություն: Նշեցի, որ ունեցել ենք դեպքեր, երբ նաև փորձում է ռազմական նշանակության ենթակառուցվածքներին հարված հասցնել:

Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի հարավում` պետական սահմանով սահմանագիծ է Իրանի Իսլամական Հանրապետությանը, արևմուտքից` Նախիջևանին, արևելքից` Արցախին: Քանի որ ակնհայտ է Սյունիքի աշխարհագրական նշանակությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունն անհրաժեշտություն է տեսնում ինքնապաշտպանական խնդիրների կատարման համար հատուկ համակարգում իրականացնել: Սա որևէ տագնապի պատճառ չի կարող հանդիսանալ, հայտարարեց Սյունիքի պաշտպանությունը համակարգող Արտակ Դավթյանը, ով այս տարվա հուլիսից զբաղեցնում է Հայաստանի ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը:

«Կանխարգելիչ և զգուշացնող միջոցառումներ իրականացվում են, որպեսզի վաղը մենք ավելի պատրաստ լինենք, եթե խնդիրներ ի հայտ եկան, անմիջապես եթե մարտական գործողությունների արդյունքները զգալի լինեն Հայաստանի սահմանին: Չնայած քանիցս հայտարարվել է և Արտգործնախարարության մակարդակով, և պաշտպանության նախարարի շուրթերով, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ կստանա համարժեք պատասխան, և բնական է` մենք պետք է որոշակի միջոցառումներ իրականացնենք, որխեսզի համարժեք պատասխան իրականացնելու ժամանակ մեր բնակչությունը շատ չտուժվի հակառակորդի ասենք որևէ գործողությունից, որ կարող է լինել, որին կպատասխանենք մենք: Միևնույն ժամանակ մենք նաև ուզում ենք այստեղ ասել, որ կոորդինացնում ենք որոշակի աշխատանքներ, որոնք նպաստում են Արցախի Հանրապետությանն առավել արդյունավետ կատարելու իր խնդիրները, դա և օգնություն է Արցախի բնակչությանը»:

Դավթյանը փոխանցեց նաև որ Իրանի հետ սահմանակետ անխափան գործում է, առևտրաշրջանառությունն էլ բնականոն շարունակվում է։ Իրանի հետ սահմանակից Մեղրիից և մարզի այլ բնակավայրերից պնդում են՝ իրենց մոտ խուճապ չկա, փոխարենը ակտիվ զինվորագրման աշխատանքներ են ընթանում բոլոր համայնքներում. - «Մեղրիում առաձնապես բան չկա, բայց վտանգավոր է այն առումով, որ մենք սահմանին շատ ենք մոտիկ, Աստված չանի, մի բան լինի, առաջին հերթին վտանգը մեզ է սպասում: Հենա համախմբվում ենք, գնանք դիրքեր, ինչքանով կարողանանք, պաշտպանենք: Ամբողջ գյուղով բոլորս պատրաստ ենք, չենք թողնելու` գան, մտնեն մեր տները»:

Մյուս քաղաքացու խոսքով. - «Սարերը, լեռները մեզ պաշտպանել են միշտ, մենք կանգուն ենք մեր լեռների պես»:

Քաղաքացիներն ԱԹՍ-ի ձայն լսել են, դեռ չեն շտապում ապասատարաններ մտնել, խուճապի չեն ենթարկվում, սակայն ասում են` ովքեր հնարավորություն ունեն, երեխաներին մայրաքաղաք Երևան են տեղափոխում:

XS
SM
MD
LG