Մատչելիության հղումներ

Ստեփանակերտն այսօր ևս խաղաղ է լուսացրել


Արցախ - Ստեփանակերտում կյանքը շարունակվում է, հոկտեմբեր, 2020թ.

Ստեփանակերտն այսօր խաղաղ է լուսացրել: Արցախի մայրաքաղաքի համար վերջին շրջանում սովորական դարձած պայթյունի ձայներն արդեն երրորդ օրն է չեն հնչում կամ գրեթե լսելի չեն, ինչը հուշում է՝ պայթյունները ռազմաճակատից են:

Պատերազմի արդեն 25-րդ օրը հակամարտության գոտում չդադարող կրակին զուգահեռ՝ Արցախում կյանքը շարունակվում է:

«Ազատության» լրագրողը երեկ շրջել է մայրաքաղաքի փողոցներում, խոսել քաղաքացիների հետ: Մարդկանց տրամադրությունները լրիվ այլ են՝ հակառակ այստեղ նոր եկողների ենթադրությունների՝ բարձր, մարդիկ հույս ունեն, որ պատերազմն ավարտվելու է:

Շատերը շարունակում են ապաստարաններում մնալ, բայց և կան փողոցներում շրջող մարդիկ:

Մեզ հանդիպած քաղաքացիները մտադիր չեն քաղաքից հեռանալ ավելի ապահով վայր: Ասում են՝ թիկունքում իրենց կարիքը կա, ինչպես սահմանին՝ իրենց որդիների, հարազատների ու ամուսինների:

Ստեփանակերտում սովորականի պես մարդկանց խանութ գնալիս էլ կտեսնես: Այն խանութներից մեկում, որտեղ «Ազատության» նկարահանող խումբն էր, առևտուրը սովորականից ակտիվ էր: Քաղաքում ոչ բոլոր խանութներն են բաց:

Ստեփանակերտցիներն ասում են՝ սննդի խնդիր քաղաքում չկա:

Այստեղ կան նաև գործող փռեր: Փողոցներից մեկում անգամ բաց սննդի կետ նկատեցինք:

Առավոտյան ևս Արցախի մայրաքաղաքում խաղաղ է:

XS
SM
MD
LG