Մատչելիության հղումներ

Ֆրանսիան քննադատում է Թուրքիային հրադադարին դեմ լինելու համար


Ֆրանսիայի արտգործնախարարը, արխիվ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը քննադատեց Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին հայերի դեմ, հայտարարեց Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը Գերմանիայի և Լեհաստանի իր գործընկերների հետ հինգշաբթի օրը տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինելու, ուստի հրադադարը պետք է իրագործվի», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Ըստ ֆրանսիացի պաշտոնյայի, Թուրքիան միակ երկիրն է, որը դեմ է հրադադարին։ «Մենք այսօր տեսնում ենք, որ միակ երկիրը, որը կոչ չի անում հարգել հրադադարը, Թուրքիան է, և դա վնասում է գործընթացին», - ասաց Ժան Իվ Լը Դրիանը։

Ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները մեղադրեցին Թուրքիային` Միջերկրական ծովում իր սադրանքները Եվրամիության նկատմամբ շարունակելու մեջ և հորդորեցին առաջիկա շաբաթների ընթացքում հստակեցնել իր դիրքերը: «Մեզ համար պարզ է, որ Թուրքիան մշտապես սադրիչ գործողություններ է իրականացնում, որոնք անընդունելի են», - ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը:

XS
SM
MD
LG