Մատչելիության հղումներ

Հայաստանցի վերլուծաբանները չեն բացառում առանձին երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանում հավատարմանգրված դեսպանների հետ։ 12-ը հոկտեմբերի, 2020

Հայաստանյան վերլուծաբանների համոզմամբ՝ դժվար է սպասել, որ առաջիկայում կարող է տեղի ունենալ Արցախի անկախության համընդհանուր ճանաչում, սակայն դիվանագիտական ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել նրան, որ առանձին երկրներ ճանաչեն հումանիտար աղետի առջև կանգնած Արցախի անկախությունը՝ այդպիսով ապահովելով Լեռային Ղարաբաղի բնակաչության անվտանգությունը, ինչպես նաև սկիզբ դնելով միջազգային ճանաչման գործընթացին։

Երեկ այս թեման Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը բարձրացեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։

Փաշինյանը շեշտեց, որ պատերազմը չէր սկսվի, եթե դրանում ամբողջական ներգրավվածություն չունենար Թուրքիան․ - «Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել՝ առաջինը, միջազգային հանրության կողմից վերը շարադրված փաստերի պաշտոնական արձանագրումը, և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը»։

Արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանի համոզմամբ՝ եթե նախկինում միանգամայն անիրատեսական էր թվում Արցախի անկախության ճանաչումը, ապա այժմ իրադարությունն ամբողջությամբ փոխվել է։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում ներգրավված է նաև Թուրքիան, ինչի արդյունքում Արցախում ստեղծվել է հումանիտար աղետ, որը կանգնեցնելու անհրաժեշտություն է առաջացել։ Ըստ Նավասարդյանի, Արցախի լինել-չլինելու հարցն է օրակարգում։ Բայց մինչև միջազգային հանրությունից Արցախի ճանաչում պահանջելը, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է, որ նախևառաջ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը և ապա ռազմաքաղաքական պայմանագիր կնքի Արցախի հետ։ Այսինքն՝ Արցախը պետք է դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ, որի հետ հնարավոր կլինի համագործակցել։

Արման Նավասարդյան
Արման Նավասարդյան

Այս քայլից հետո արդեն, ըստ Նավասարդյանի, ճանաչման ուղղությամբ պետք է աշխատանքներ տանել այլ երկրների և, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։ Թե ինչպիսի արդյունքներ կարձանագրվեն՝ կախված կլինի հայկական կողմի ինտենսիվ և ճկուն դիվանագիտական աշխատանքից․ - «Հայաստանը արագ պետք է ճանաչի։ Ես չեմ հասկանում, մեր պարլամենտը ինչո՞ւ է դանդաղում։ Այս բանը ինձ համար անհասկանալի է։ Խնդիրներ կան, որ պետք է արվեն հիմա և այստեղ»։

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կլինի Մինսկի խմբի գործունեության կասեցում, ինչը Թուրքիայի երազանքն է, և էստեղ Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ, մնալ միակ երկիրը, որը ճանաչում է Արցախի անկախությունը, և հարցին, թե արդյոք հիմա դրա ժամանակն է, Նավասարդյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, ճիշտ ժամանակն է։ Որովհետև դրանից ավելի վատ չի լինի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ինչ ուզում եք արեք, Թուրքիան շարունակելու է իր պանթյուրքիստական, էքսպանսիոնիստական գործունեությունը Հայաստանի նկատմամբ՝ եթե մենք նրանց դա թույլ տանք»։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ համաձայն է վարչապետի հնչեցրած այն գնահատականի հետ, որ ադրբեջանական ագրեսիան հնարավոր է զսպել ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ, այսինքն՝ սա կոնկրետ այսօրվա իրավիճակից բխող հրամայական է, որն ուղղված է լինելու Արցախի բնակչության անվտանգության ապահովմանը։ Եթե միջազգային հանրությունը համարժեք է գնահատում իրավիճակը, ապա այս ուղղությամբ պետք է քննարկումներ ծավալվեն, և արձանագրվի, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, հարվածներ են հասցվում բնակավայրերին, որտեղ որևէ ռազմական ենթակառուցվածք չկա։

Բացի այդ, Հակոբ Բադալյանի կարծիքով, Թուրքիայի գործուն աջակցությամբ, ադրբեջանական ագրեսիան էապես փոխել է ոչ միայն արցախյան հարցը, այլև տարածաշրջանային անվտանգության միջավայրը, ուր ներխուժել է Թուրքիան՝ իր ահաբեկչական խմբավորումներով։ Սա հանգեցնում է խնդրի հանդեպ միջազգային վերաբերմունքի փոփոխության, որտեղ առաջնային է դառնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

«Եթե մինչ այդ փորձ էին անում գտնել ինքնորոշման և տարածքային ամբողջականության ինչ-որ բալանս և բանակցային գործընթաց ձևավորել, ապա ակնհայտ է, որ թուրքական ագրեսիան Բաքվի միջոցով փոխել է այս իրավիճակի էությունը, և մենք հիմա գործ ունենք թելադրված ահաբեկչական պատերազմի հետ, և այստեղ ինքնորոշման իրավունքը այլևս պահանջում է հրատապ վերաբերմունք և ոչ թե բալանսի փնտրտուք տարածքային ամբողջականության հետ, ինչպես մինչ այժմ ուզում էին անել»։

Ինչ վերաբերում է Արցախի անկախության հնարավոր ճանաչմանը, ինչի մասին երեկ խոսեց նաև վարչապետը, ապա, ըստ վերլուծաբանի, այն չի կարող լինել համընդհանուր և միանգամից։ Եթե խոսքը, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մասին է, ապա պարզ է, որ Ռուսաստանը չի գնա այնպիսի քայլերի, որոնք կխաթարեն Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները։

Փոխարենը ճանաչման ուղղությամբ որոշակի ակնարկներ հնչել են Ֆրանսիայից, և այս ուժային կենտրոնի կողմից Արցախի անկախության ճանաչումը, Բադալյանի կարծիքով, կարող է էապես փոխել իրավիճակը․ - «Եվ այս տեսանկյունից պետք է աշխատենք շատ կոնկրետ մայրաքաղաքների ուղղությամբ, որոնք կարող են, որտեղ իրատեսական է ճանաչումը։ Եվ ամենևին պետք չէ համընդհանուր ճանաչում․․․ Այստեղ հնարավորն ու անհնարը կախված է աշխատանքից՝ դիվանագիտական աշխատանքից, և իհարկե կախված է ռազմաճակատում իրավիճակից»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG