Մատչելիության հղումներ

Հումանիտար ճգնաժամը կանխելու միջոցը ԼՂ ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է, կարծում է վարչապետը


Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, այսօր օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս մանրամասներ է ներկայացրել «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության» վերաբերյալ. - «Ադրբեջանն է, որ հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ ի հեճուկս այն սկզբունքի, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, որը, ըստ էության, կարգավորման հիմքում դրված միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկն է:

Միանշանակ է, որ այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան: Ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն: Թուրքիայի ներգրավվածությունը և պատերազմի քաջալերանքը, կարծում եմ, նաև հրապարակային է: Ընդ որում, դա ոչ միայն այն ապացույցներով է հիմնավորվում, որոնք մենք մեր գործընկերներին փոխանցել ենք, այլև հենց հրապարակային հայտարարություններով: Եվ մինչ օրս էլ Թուրքիան շարունակում է ներգրավված մնալ ռազմական գործողություններին»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել է հակամարտության գոտի:

«Մմենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք: Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել՝

· առաջինը՝ միջազգային հանրության կողմից վերը շարադրված փաստերի պաշտոնական արձանագրումը,

· և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը»:

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները, գյուղերը, քաղաքները:

«Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները», - ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ընդունված հրադադարի մասին հայտարարությունն Ադրբեջանը չի պահպանել։

«Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ ցերեկը 12։00-ին, մինչև հրադադարի դե յուրե ուժի մեջ մտնելու պահը, մարտական ինտենսիվ գործողություններ է վարել Ադրբեջանը, ինչը դե յուրե չի մտնում հրադադարի այս հայտարարության խախտման տրամաբանության մեջ․ 12։05 Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի նկատմամբ և Հադրութ քաղաքը գրավելու փորձ է արել։ Այս պահին Հադրութի մերձակայքում տեղի են ունենում գործողություններ, և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը փորձում են դուրս մղել այն դիվերսիոն խմբավորումներին, որոնք Հադրութը գրավելու փորձեր են արել», - հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է՝ այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում և հրադադար չկա։

«Մենք մեր մտադրությունների տակ ստորագրել ենք և մենք հավատարիմ ենք այդ մտադրություններին, այսինքն՝ առաջին կետ, երկրորդ կետ՝ հրադադար և հումանիտար գործողություններ, բանակցային գործընթացի մեկնարկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով», - եզրափակել է վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG