Մատչելիության հղումներ

1-03 ծառայությունը Ստեփանակերտից Երևան է տեղափոխում վիրավոր զինծառայողների


Պատերազմի առաջին օրերից Երևանի շտապօգնության ծառայությունը աջակցում է Ստեփանակերտի գործընկերներին վիրավորներին անհրաժեշտության դեպքում տեղափոխել Երևանի բուժհաստատություններ։

Բժիշկ Սևան Չիտչյանը Ստեփանակերտ է գնում ու վերադառնում գրեթե ամեն օր, այսօր ևս Երևան է տեղափոխել վիրավոր զինծառայողների։

«Օրական չեմ կարող ասել՝ քանի անգամ ենք գնում, կարող է օր լինի՝ մեկ անգամ, հեռավորությունը բավականին մեծ է, կախված է նրանից՝ ինչ տիպի վիրավոր ես բերում, որովհետև արագ ես գալիս, դանդաղ ես գալիս: Մեկ-երկու, դրանից ավելի ռեալ չի», - ասաց բժիշկը:

Բժիշկ Չիտչյանը պատմում է, որ շտապօգնության ծառայությունում է աշխատում արդեն 5 տարի, 2020 թվականի աշխատանքային լարվածության ու վրա հասած 2 աղետների մասին դժվար թե երբևէ մոռանա։ Ապրիլից սկսած լարված աշխատեցին, որ օգնեն կորոնավիրուսով հիվանդներին, Covid-ի թվերը նոր էին իջել, վրա հասավ պատերազմը։

«Չնայած արդեն Covid-ը մի տեսակ մեր համար խաղ ու պար է դարձել, հիմնականում մեր այս վերջին դեպքերը , այսքան ժամանակ չի եղել դեպք, որպեսզի հնարավոր չլինի վրավորին տեղափոխել, ես չեմ հանդիպել: Աշխատել են շատ լավ մեր կոլեգաները, մենք էլ նրանց գործը շարունակել ենք մինչև արդեն խորը թիկունք, խորը թիկունքում էլ, բնականաբար, ավելի խորը մասնագիտացված բուժօգնություն են ստացել», - ասաց նա:

Ստեփանակերտից Երևան ճանապարհին ոչ միայն բուժօգնություն են ցույց տալիս, այլ նաև շփվում են զինծառայողների հետ։ Չիտչյանն ասում է՝ հիմնականում տեղափոխում ենք արդեն Արցախում բուժօգնություն ստացած զինծառայողների, որոնք հետագա բուժում պիտի անցնեն Երևանում։ Վնասվածքների մեծ մասը՝ բեկորային է։

«Տղաները կարելի է ասել իրենք են մեզ մի քիչ ոգևորում նույնիսկ, երևի կարող եմ ասել՝ առանց բացառությունների բոլորն ասում են՝ «բժիշկ, ե՞րբ ենք հետ գնալու»: Այդ պահին երևի ավելի շատ հպարտություն ես զգում, որ էդ զինվորն ու դու նույն ազգի ներկայացուցիչն եք», - նշեց Սևան Չիտչյանը:

Երևանի շտապօգնության ծառայությունում աշխատող ավելի քան 50 բրիգադներից ցանկացածը պատրաստ է մեկնել հրթիռակոծվող ու հրետակոծվող Ստեփանակերտ, ասում է բժիշկը. «Բոլորս էլ այսօր պատրաստ ենք ցանկացած կանչի, ցանկացած մարտահրավերի, դա ես ասում են ոչ թե իմ անունից, դա ես ասում են իմ բոլոր կոլեգաների անունից ու անկախ տարիքից: Հավատացեք, մեր շտապօգնության ենթակայանում կան նաև աշխատող տարիքով բուժաշխատողներ՝ և՛ բժիշկներ, և՛ բուժքույրեր, և՛ վարորդներ, որոնք կարելի է ասել կռիվ են անում մեզ հետ, որ իրենք գան»:

Նույնն է ասում նաև շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը. անձնակազմի համար լարված գրաֆիկը բոլորվին խնդիր չէ։

«Նույնիսկ այնպես է ստացվում, որ օրը բացվում է արդեն մարդիկ, ովքեր նախորդ օրը գնացել են, միգուցե եկել են մի երկու ժամ հանգստացել են, զանգում են ու հարցնում, թե երբ կարող են իրենք գնալ», - ասաց Ստեփանյանը:

Արցախի Պաշտպանության բանակը հստակ չի հայտնում, թե քանի վիրավոր զինծառայող ունի այսօր, երեկ առողջապահության նախարարը կրկին առանց թվեր նշելու հայտնեց, որ վիրավորները հիմնականում թեթև կամ միջին ծանրության են։ Թագուհի Ստեփանյանն էլ ասում է՝ վիրավոր զինծառայողներին ընդունում են Երևանի գրեթե բոլոր բուժհաստատությունները՝ կախված անհրաժեշտ բուժօգնության տեսակից։

«Բոլոր հիվանդանոցներն ընդունում են՝ և՛ «Էրեբունի» հիվանդանոցը, և՛ «Աստղիկ» բուժկենտրոնը, և «Իզմիրլյան», ինչքան Երևանում հիվանդանոց գիտեք, բոլորն ընդունում են, ուղղակի այդ ամենը ղեկավարվում է մի կետից, իսկ երբ որ վիրավորին վերցնում ենք, որոշված է լինում, թե որ հիվանդանոց պետք է տեղափոխենք», - նշեց շտապօգնության ծառայության տնօրենը:

XS
SM
MD
LG