Մատչելիության հղումներ

Գերտերություններն ակտիվացնում են Արցախում պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Լեռնային Ղարաբաղում իրադրության սրմանը զուգահեռ ակտիվանում են նաև գերտերությունների՝ պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։Երկուշաբթի ուշ երեկոյան հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որի տեքստի շուրջ ընթացող եռակողմ խորհրդակցությունների մասին հայտնի էր դարձել դեռ երեկ կեսօրին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը այդ հայտարարությամբ «ամենայն խստությամբ դատապարտում են Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»։

Համատեղ հայտարարության մեջ նախարարները հակամարտության կողմերին կոչ են անում վերջ տալ ռազմական գործողություններին՝ նշելով․ - «Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները հակամարտության կողմերին հրադադարի ռեժիմի անհապաղ և անվերապահ հաստատման կոչ են անում»։

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից ընդունված համատեղ այս փաստաթղթում նաև ասված է. - «Նախարարները անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին թե՛ շփման գծի երկայնքով և թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի տարածքներում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև այդ հարձակումների անհամաչափությունը, անընդունելի սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի կայունության համար»։

Համանախագահ պետությունների արտգործնախարարները հակամարտության կողմերին ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերսկսելու կոչ են անում։

«Համանախագահ պետությունները հաստատակամորեն տրամադրված են ողջ ծավալով իրացնել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրամադրված մանդատը՝ Մինսկի խմբի անդամ պետությունների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն համանախագահ պետությունները կշարունակեն հետևողականորեն մեծացնել կողմերի հետ գործակցության ծավալները՝ կոչ անելով դրանց առանց հապաղման իրենց վրա վերցնել կարգավորման գործընթացի վերսկսման պարտավորությունը», - նշում են Փոմփեոն, Լը Դրիանը և Լավրովը՝ հավելելով, որ կարգավորման գործընթացը պետք է ընթանա «գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիմքի վրա, որոնց մասին երկու կողմերն էլ քաջատեղյակ են»։

Արտգործնախարարների հայտարարությանը զուգահեռ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական՝ պատերազմի սկզբից ի վեր չորրորդ հեռախոսազրույցի մասին։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրա ընթացքում կողմերը «շարունակել են Լեռնային Ղարաբաղում սրված ռազմական հակամարտության շուրջ քննարկումները»։ «Կոնֆլիկտը ծավալուն բնույթ է ստացել և երկու կողմից էլ հանգեցնում է լուրջ կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նույն հաղորդագրության համաձայն՝ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման շտապ անհրաժեշտությունը»։

Երեկ երեկոյան նաև հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Պետդեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում Բիգանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։

XS
SM
MD
LG