Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են ղարաբաղյան ճգնաժամը


Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամով և Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 5-ին հեռախոսով զրուցել է իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ:

ՌԴ արտաքին գերատեսչության կայքում այդ տեղեկությունը հրապարակվել է Մոսկվայի ժամանակով երեկոյան ժամը 9-ին:

Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հարցը: Ռուսական կողմն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել կրակը:

«Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող ռազմական գործողությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը:

Մոսկվան նշում է, որ ցանկանում է նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:

Ղարաբաղում նոր պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Լավրովը զրուցել է Մնացականյանի և Բայրամովի հետ:

Հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Մայք Փոմփեոն և Ժան Իվ Լը Դրիանը հրապարակել են համատեղ հայտարարություն, որով դատապարտել են ռազմական գործողությունները, հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ և անվերապահորեն հրադադար հաստատել և բանակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG