Մատչելիության հղումներ

Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը


Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդ, արխիվ

Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդն այսօր քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը: Նիստից հետո կառավարության տարածած հաղորդագրությունում Անվտանգության խորհրդի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին հավաստիացրել է, որ ղարաբաղյան առճակատման սկզբից Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է Վրաստանի տարածքով Հայաստան ու Ադրբեջան ռազմական բեռների տեղափոխումը օդային ու ցամաքային ճանապարհով, որի մասին կողմերը տեղեկացվել են։

Նա միաժամանակ նշել է, որ վրացական կողմն ամբողջովին կատարում է բեռնափոխադրումների միջազգային պարտավորությունները, Վրաստանը չի մտցրել և չի մտցնելու քաղաքացիական բեռների, ավիափոխադրումների որևէ սահմանափակում։ «Վրաստանի տարածքով անխափան և անվտանգ այսօր իրականացվում են քաղաքացիական բեռների տրանզիտ փոխադրումներ բոլոր ուղղություններով, այդ թվում` Հայաստան ու Վրաստան»,- ասել է նա։

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարն ասել է, որ նիստում քննարկվել է ղարաբաղյան առճակատման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, որը ցավոք հանգեցրել է մարդկային կորուստների։ Իրավիճակի սրացումը բացասական լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության վրա. - «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին կրկին կոչ ենք անում գործադրել բոլոր միջոցները բռնությունները դադարեցնելու, երկխոսությունը վերականգնելու համար։

Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Մեր խնդիրն է պահպանել ու ամրապնդել այդ հարաբերությունները։ Մենք միշտ հպարտացել ենք, որ Վրաստանում վրացիների հետ միասին խաղաղ ապրում են տարբեր ազգություններ, այդ թվում` ադրբեջանցիներ և հայեր, ինչը մեր ընդհանուր ձեռքբերումն է և պահանջում է զգույշ վերաբերմունք ու համատեղ աշխատանք։

Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկայիս ճգնաժամային իրավիճակում մենք չպետք է թույլ տանք որոշակի ապակառուցողական տարրերի` ներքին, թե արտաքին, ստվեր գցել մեր բարեկամության վրա: Հաշվի առնելով այս ամենը` վրացական կողմը կրկին հաստատում է իր պատրաստակամությունը ցանկացած ձևով աջակցել իրավիճակի լիցքաթափմանը, այդ թվում` Թբիլիսիում ընդունել հակամարտ կողմերի ներկայացուցիչներին երկխոսություն ծավալելու համար։ Ռազմական առճակատումը շուտափույթ դադարեցնելը ու տարածաշրջանում խաղաղության հաստատելը բխում է մեր շահերից», - ասել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը։

Նիստից հետո ճեպազրույց է տվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Նա հերքել է Վրաստանի տարածքով սիրիացի գրոհայինների տեղափոխումը Ադրբեջան. - «Ցանկանում եմ մեկնաբանել սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր Թուրքիայից սիրիական անօրինական խմբավորումները Վրաստանի տարածքով շարժվում են Ադրբեջանի ուղղությամբ։ Ցանկանում եմ ընդգծել, որ այդ տեղեկատվությունը որևէ հիմք չունի։ Դա սուտ է, որի նպատակը Վրաստանում և ամբողջ տարածաշրջանում լարվածություն առաջացնելն է»:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը նշել է, որ ակտիվ կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների հետ։

Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո խոսել է նաև Վրաստանի նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերադառանալ երկխոսության` հանդիպման վայր առաջարկելով Թբիլիսին։

«Ցանկանում եմ կոչ անել մեր երկու բարեկամական և հարևան երկրներին` որքան հնարավոր է շուտ վերականգնել երկխոսությունը», - ասել է Զուրաբիշվիլին ու նաև Եվրամիությանը կոչ արել գործադրել բոլոր ջանքերը իրավիճակը լիցքաթափելու համար։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան ևս, այսօր անդրադառանլով Վրաստանի տարածքով տրանզիտ բեռնափոխադրումներին, ասել է, թե դեպի Ադրբեջան ու դեպի Հայաստան բեռնափոխադրումները անխափան իրականացվում են։

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նա ասել է, թե ղարաբաղյան առճակատումը սկսվելուց ի վեր վիճակագրական տվյալները չեն փոխվել՝ օրական մոտավորապես 750-800 բեռնատարներ հատում են վրաց-ադրբեջանական և վրաց-հայկական սահմանները: Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ խոչընդոտներ չկան և չեն լինի։

XS
SM
MD
LG