Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Մինսկի խմբի եռանախագահները պետք է պահպանեն չեզոքությունը


ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը պետք է պահպանվի` անդամ երկրների չեզոքության պայմանով, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք կարծում ենք, որ երեք երկրները պետք է շարունակեն աշխատել միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա կարևոր է», - Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված այդ հարցազրույցում ասել է Ալիևը:

Ադրբեջանի առաջնորդը նշել է, որ Բաքուն անհանգստացած է վերջին օրերի հայտարարություններով, որոնք «չեզոք դիրքորոշման որոշակի փոփոխությունների մասին են վկայում»։ «Յուրաքանչյուր երկիր կարող է իր դիրքորոշումն ունենալ, ինչը նորմալ է։ Սակայն եթե դուք նման զգայուն հարցում միջնորդ եք, ապա պետք է հանդես գալ նման դիրքորոշմամբ: Եթե ցանկանում եք հանդես գալ ազգային դիրքերից, ապա պետք է լքեք Մինսկի խմբի համանախագահությունը։ Եթե դուք միջնորդ եք, ուրեմն պետք է չեզոք լինեք», - կարծիք է հայտնել Իլհամ Ալիևը առանց հստակեցնելու, թե հատկապես երեք երկրներից ում նկատի ունի՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, թե Ֆրանսիային:

Նախագահ Աիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը կտրականապես դեմ է ղարաբաղյան ճգնաժամը տարածաշրջանային հակամարտության վերածվելուն։ Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը «երբեք նման բան թույլ չեն տա»։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե Թուրքիան «որևէ ձևով» չի մասնակցում առճակատմանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, թե Ֆրանսիան տեղեկատվություն ունի, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ (քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում, նախկին Այնթապը)՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի թատերաբեմ հասնելու համար:

Ելիսեյան պալատի ղեկավարը պնդել է, որ այդտեղ տեղեկությունները «հաստատված փաստեր են»։ Մակրոնի խոսքերով` Ռուսաստանը նույնպես այդ մասին տեղեկատվություն ունի: Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ևս հայտարարել է, որ ծանոթ է այդ տվյալներին և «հույս ունի, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»:

XS
SM
MD
LG