Մատչելիության հղումներ

«Շնորհակալ ենք բոլորիդ՝ Մարտունիից մինչև Երևան». ֆրանսիացի լրագրող


Ադրբեջանական հրետակոծության ժամանակ վիրավորված ֆրանսիացի լրագրողներն ուղղաթիռում

Ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականի լրագրող Ալան Կավալն է, որ մոր հետ կարճ հեռախոսազրույցից հետո շնորհակալություն էր հայտնում իր կյանքը փրկելու համար։

Լրագրողը երեկ էր վիրավորվել Մարտունիում, ուր գործընկերոջ հետ հասցրեց ընդամենը մեկ օր գտնվել։ Ադրբեջանական հրետակոծությունից վնասվածքներ ստանալուց և Ստեփանակերտում վիրահատվելուց հետո այսօր Արցախից ուղղաթիռներով տեղափոխվեցին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ առողջական կայուն վիճակով։ Երեկ Մարտունիում ավելի թեթև վնասվածնքր էին ստացել նաև տեղական Արմենիա հեռուստաընկերության օպերատորն ու 24NEWS-ի լրագրողը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն անձամբ էր եկել «Էրեբունի» հիվանդանոց Լե մոնդի լրագրողներին դիմավորելու։ Դեսպանի հետ երկխոսությունը ջերմ էր։

«Ձեզ այստեղ կպահեն կես ժամ, որպեսզի վստահ լինեն, որ ամեն բան լավ է, բժիշկների ձեռքում եք», - ասում էր դեսպանը։։

«Շատ վնասվածքներ ունեմ», - դեսպան Լաքոտին պատմեց պարբերականի ֆոտոլրագրող Յաղոբզադե Ռաֆայել Շարլզըն։ Դեսպանին պատմում էր, որ տեղում աշխատող գործընկերներից հետո իմացել են, որ հրետակոծությունից հետո նրանք հեռացել են Մարտունիից Ստեփանակերտ, քանի որ ողջ գիշեր կրակը չի դադարել։

Դեսպանը հարցրեց․ - «Մարտունին համարվու՞մ է առաջնագիծ»:

«Այո», - պատասխանեց լրագրողը: - «Անհասկանալի էր, թե որտեղ են գտնվում դիրքերը, որտեղ են պայթյուններն իրականացվում, որ հասկանայինք, թե որտեղ է ավելի վտանգավոր։ Ամեն դեպքում, նկատեցինք, որ վնասները առհասարակ շատ-շատ են։ Անհասկանալի էր, թե ինչ է կատարվում, որտեղ է ընթանում մարտը, վիճակը շատ ծանր էր»։

Ինքը դեսպանը ևս նկատեց՝ լրագրողների հետ կատարվածը ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրադրությունը Ղարաբաղում այս պահին ոչ միայն լրագրողների, այլ նաև բնակչության համար, որոնք տուժում են հրթիռակություններից ամեն օր։

Վիրավորվելուց հետո Ստեփանակերտում վիրահատված Ալան Կավալն ու Յաղոբզադե Ռաֆայել Շարլզըն մեկ օր էլ չմնացին Արցախում, որտեղ փորձում էին նկարահանել քաղաքացիական օբյեկտների կրած վնասներն ու զրուցել վիրավորների հետ։ Սա պատերազմը լուսաբանելու նրանց առաջին փորձը չէր։ Չհասցրեցին պատմել իրենց անցած փորձերի մասին, քանի որ մի փոքր կազդուրվելուց հետո պետք է մեկնեին Ֆրանսիա։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Յաղոբզադե Ռաֆայելի հետ կարճ երկխոսության ընթացքում հասցրեց պատմել իր տպավորությունների մասին։ Նախ ասաց, որ դիմել են Ղարաբաղում գտնվող ֆրանսիացի մյուս լրագրողներին, սակայն նրանք նախընտրել են մնալ այնտեղ և այդ մասին տեղեկացրել են իրենց խմբագրություններին։ «Անհասկանալի է, թե ինչ է սպասվում վաղը», - ասաց դեսպանը։

«3 տարի է, ես այստեղ եմ, տեսել եմ հեղափոխությունը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ճանաչել եմ Հայաստանը վերջին տարիների զարգացման փուլում, տեսել եմ, թե ինչպես է փորձում երկիրը նոր շունչ առնել՝ հույս ունենալով, որ ամեն բան լավ պիտի լինի, սակայն մարտի սկզբին սկսվում է կովիդը, իսկ հիմա էլ այս պատերազմը։ Իսկ հիմա իրոք անկում է ժողովրդի համար, հայ երիտասարդների համար։ Հիվանդանոցը, որտեղ մենք գտնվում ենք, ծանր վնասվածքներ ունեցողների համար է։ 18, 19, 20 տարեկան երիտասարդներ, ովքեր սկսել էին զինվորական ծառայությունը, երիտասարդներ, ովքեր ուսանողներ են, մի կողմից ուսում ենք տալիս երիտասարդներին ապագայի համար, մյուս կողմից էլ նրանց այս պատերազմը հետ է քաշում, հնձվում է այս երիտասարդությունը։ Հայաստանում զինծառայությունը պարտադիր է 18-ից սկսած երկու տարով», - նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Դեսպանատաան աջակցությամբ երեկ վիրավորված լրագրողները հատուկ ինքնաթիռով տեղափոխվեցին Ֆրանսիա։ Նրանց մինչև օդանավակայան ուղեկցեց դեսպան Լաքոտը։

Լրագրողների հետ զրույցում դեսպանը իր մտահոգությունը հատնեցին կատարվածի մասին։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր։ Թաթոյանը դատապարտում է պատերազմական գոտում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացրած լրագրողների թիրախավորելը, հատկապես, երբ նրանք տարբերանշաններով էին։

Թաթոյանը քննադատում է միջազգային որոշ կառույցներին անցած օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչներին և լրագրողներին թիրախավորելու դեպքերի կապակցությամբ լռություն պահպանելու համար. – «Ես նկատի ունեմ առաջին հերթին միջազգային, միջկառավարական կազմակերպություններին, մարդու իրավունքների հաստատություններին: Երկրորդը, նաև Human Rights Watch, Amnesty International… բոլորը պարտավոր են իրենց իրավասության շրջանակում արձագանքել: Գիտեք, ես էնպես չի, որ բոլորի վրա պարտականություն եմ դնում, և դրանով ավարտվում է: Մեզանից էլ է շատ բան կախված: Մենք պետք է ճշգրիտ ինֆորմացիան ձևակերպենք, ուղարկենք: Մենք պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանի մարմինները նույնպես դա անում են: Բայց այստեղ տարբերություն կա շատ մեծ` ճշմարտությունը մեր կողմն է: Եվ մենք պետք է ընդամենը ձևակերպենք պրոֆեսիոնալ: Ոչ թե չափազանցնենք և այլն, դա էլ լավ չի, այլ իրական, ինչ մենք ունենք, ճշգրիտ, խելացի, ժամանակին ձևակերպենք, ուղարկենք և, այո, ակնկալենք համապատասխան վերաբերմունք»:

Արցախում լրագրողների նկատմամբ կատարվածը դատապարտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ կադրբեջանական իշխանություններից պահանջել քննություն՝ պարզելու գնդակոծության աղբյուրը:

XS
SM
MD
LG