Մատչելիության հղումներ

Հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդի խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով. ՊԲ


Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուրթ Սարգսյանը ասուլիսի ժամանակ, Ստեփանակերտ, 2-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուրթ Սարգսյանը ասուլիսի ժամանակ, Ստեփանակերտ, 2-ը հոկտեմբերի, 2020թ.

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքում պարզվել է, որ հյուսիսային և հարավային ուղղությունների խմբավորումները «ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով»: Այս մասին հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը առավոտյան Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ: «Եզրակացությունները թողնում եմ ձեզ», - ասաց գնդապետը:

Նա հայտնեց, որ նախօրեին ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով: «Հակառակորդը շարունակել է գրոհել Պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետեր, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաև զրահատանկային ստորաբաժանումներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ», - նշեց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը՝ շարունակելով. - «Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և աննակազմի քանակը աննախադեպ էր՝ հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով»:

Ըստ Սարգսյանի՝ օպերատիվ-մարտավարական և իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել:

Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդմեջ:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները իրենց առջև դրված խնդիրները կատարել են փայլուն և անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը: Անհաջողություն կրելով ՝ թշնամին այս անգամ ևս, իր ձեռագրին համապատասխան, թիրախավորել է հայկական բնակավայրերը և խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում քաղաքներում վիրավորվել են նաև մեր լրատվամիջոցների ներկայացուցիչները, այդ թվում նաև՝ արտասահմանյան», - ասաց Արթուր Սարգսյանը:

«Հակառակորդի կորուստները կազմել են՝ 39 զրահատեխնիկա, 4 Սու-25 ինքնաթիռ, 3 Մի-24 ուղղաթիռ, 17 [հարվածային] անօդաչու թռչող սարք, անձնակազմի կորուստը շուրջ 830-ի կարգի է: Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն», - հայտարարեց գնդապետը:

«Ցավոք սրտի, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ, ցավակցում եմ բոլորիս: Վիրավորների քանակն էլ ճշտվում է, ունենք վիրավորներ բավականին շատ», - նշեց Արթուր Սարգսյանը:

Լրագրողներից մեկի խնդրանքով մեկնաբանելով հրամանատար Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչման շնորհումը՝ գնդապետը հայտարարեց. - «Պաշտպանության բանակի պաշտպանության շրջանի հրամանատարը արցախյան գոյամարտից առայսօր գտնվում է շարքում և իր ակտիվ մասնակցությունն է ունեցել, բազմիցս վիրավորվել է, այդ թվում՝ և՛ արցախյան գոյամարտում, և՛ ապրիլյան քառօրյայում, և իր հմուտ գործողությունների արդյունքում ապահովել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը և ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը: Հաշվի առնելով նաև, որ այդ ուղղությամբ հակառակորդը օգտագործել է աննախադեպ քանակությամբ անձնակազմ սպառազինություն և ռազմական տեխնիկա»:

Նշենք, որ ադրբեջանական կողմն իր ռազմական կորուստները չի հրապարակում, հաղորդում է միայն տուժած քաղաքացիական բնակչության մասին:

XS
SM
MD
LG