Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանքն առաջադրվել է նույն հոդվածի ավելի մեղմ պատիժ նախատեսող մասով


ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյան

Չնայած Քննչական կոմիտեն երեկ տարածած հաղորդագրությունում նշել էր, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել «Ազատության» նկարահանող խմբի հասցեին` հայհոյանքներով և հոգեբանական ճնշումներով հարկադրելով ջնջել տեսագրությունը` նրան մեղադրանք է առաջադրվել միայն տուգանք սահմանող Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):

Քրեական գործը հարուցվել էր նույն հոդվածի 3-րդ մասի` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, որը կատարվել է լրագրողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Նույն հոդվածի երկու մասերի տարբերությունը նախևառաջ պատժաչափն է. առաջադրված մեղադրանքով պատիժը մեղմ է` միայն տուգանք 200-400 հազար դրամի չափով, իսկ հոդվածի այն մասով, որով ի սկզբանե հարուցվել էր քրեական գործը, նախատեսված է ազատազրկում 3-7 տարի ժամկետով:

Օգոստոսի սկզբին Սևանի ափամերձ հատվածում ապօրինի կառույցների մասին ռեպորտաժի նկարահանման ընթացքում նախկին ոստիկանապետը անձամբ էր խոչընդոտել «Ազատության» նկարահանող թիմի աշխատանքը: Նա կվադրոցիկլը վարել էր լրագրողների ուղղությամբ` սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել նրանց` «գյուլլել, սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել էր իր առանձնատունը ցույց չտալ:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պնդում է, թե Քրեական օրենսգրքի բացն է պատճառը, որ նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել տուգանք սահմանող հոդվածով. – «Պարզվեց, որ նա պաշտոնատար անձ չի հանդիսանում, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը միայն պաշտոնատար անձի կողմից բռնության սպառնալիքի հետ զուգակցմամբ, միայն այդ պարագայում կարող էր արարքը որակվել 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այստեղ խնդիրը բացառապես կապված է Քրեական օրենսգրքի ձևակերպումների հետ: Եվ պատահական չէ, որ Քննչական կոմիտեն իր կողմից հրապարակված տեղեկատվության մեջ ֆիքսել է Վլադիմիր Գասպարյանի արարքներում հենց հայհոյանքների, սպառնալիքների առկայությունը: Այսինքն` մենք գործ չունենք տվյալ դեպքում արարքի վերաորակման հետ»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը օրենսդրական խոչընդոտ չի տեսնում, որ Վլադիմիր Գասպարյանին ավելի խիստ մեղադրանք առաջադրվեր: Ըստ Սաքունցի, եթե լրագրողի կյանքի կամ առողջության համար բռնության սպառնալիք եղել է, 164-ի 3-րդ մասով մեղադրանք կարող է առաջադրվել թե' շարքային քաղաքացուն, թե' պաշտոնյային. – «Եթե գտնում են, որ 164 հոդվածի 3-րդ մասը կիրառելի չէ, ապա հարցս հետևյալն է` եթե իրականում բռնությունը կիրառվեր, էլի չէի՞ն պատասխանատվությունը խստացնելու: Իհարկե ոչ: Վեթինգի չիրականացնելու պայմաններում հիմնավոր է կասկածը, որ դատաիրավական համակարգում աշխատողները կաշկանդված են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապված քրեական գործերով»:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը բացառում է Գասպարյանի կողմից նախկին կապերը բանեցնելու հնարավորությունը. – «Բացառում եմ կտրականապես»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է՝ իրավապահները այլ տարբերակ չունեին, օրենսդրական բաց իսկապես կա. – «Հիմա իհարկե շատ կարևոր է, որպեսզի գործը հասցվի իր տրամաբանական ավարտին, Վլադիմիր Գասպարյանը կանգնի դատարանի առջև»:

Մելիքյանն արագ փոփոխությունների կարիք է տեսնում. – «Կան մարդիկ, որոնք որ պատրաստ են այդ 3 կամ 4 հարյուր հազարը կամ ավելի գումարը մուծել դատարանի վճռով, համարել, որ իրենք պատիժը կրել են, բայց շարունակել նույն վարքագիծը: Ե'վ նախորդ իշխանություններից այդպիսի մարդիկ կարող են գտնվել, և' ապագայում կարող են գտնվել: Դա վտանգավոր իրողություն է: Պետք է պատիժը բավականաչափ խիստ լինի»:

Դատախազության ներկայացուցչի խոսքով, դեռ 2018-ին են Արդարադատության նախարարությանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ արել, որը փաստորեն մինչև այսօր թղթի վրա է մնացել:

Գոռ Աբրահամյան. – «Խիստ անհրաժեշտություն կա, և այդ օրենսդրական փոփոխությունը հնարավորինս շուտ պետք է իրականացվի: Բայց դա արդեն մեր գործառույթներից դուրս է: Դա Կառավարության, հետագայում նաև Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարման խնդիր է»:

Ի դեպ, 2011-18 թվականների ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով, կալանավորում կարող էր կիրառվել, եթե հանցագործության համար նախատեսված է գոնե մեկ տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG