Մատչելիության հղումներ

Առաջիկայում հնարավոր է քանդվեն Սևանի ափամերձ հատվածների որոշ առանձնատներ


Առաջիկայում հնարավոր է քանդվեն Սևանա լճի ափամերձ հատվածների որոշ շքեղ առանձնատներ, Շրջակա միջավայրի նախարարությունը լճի ափերը ապօրինի կառույցներից ու աղբից մաքրելու գործընթաց է սկսել։

Արդեն երկուշաբթի օրվանից ապամոնտաժման գործընթաց կսկսվի, «Ազատությանը» փոխանցեց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարությունից այսօր փոխանցեցին, որ առաջին հերթին քանդվելու են բոլոր այն շինությունները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1903 մետրից ցածր հատվածում։ Քանդման վտանգի տակ են նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող շքեղ առանձնատները։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Սևանի ափամերձ հատվածում առանձնատուն ունի նաև Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Այսօր լճի ափամերձ հատվածում նկարահանումներ իրականացնելիս վերջինս անձամբ խոչընդոտեց «Ազատության» նկարահանող թիմի աշխատանքները՝ սպառնալիքներով ու հայհոյանքներով պահանջելով ցույց չտալ իր առանձնատունը։

Մեկ շաբաթ առաջ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով օրեր առաջ ապամոնտաժվեցին աղմկահարույց «Վայթ Շորժա» հանգստի գոտու տաղավարները, քանի որ դրանք ապօրինի էին կառուցվել, հետո էլ նախարարը հայտարարեց, որ Սևանը ապօրինի շենք շինություններից մաքրելու գործընթաց է սկսվել։

Պետրոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ շուրջ 130 տնտեսվարող Սևանի ափերին գործունեություն են իրականացնում առանց որևէ իրավական հիմքի՝ տաղավարներ են աշխատացնում, շենք շինություններ, ժամանցի օբյեկտներ, նրանցից ոմանք անգամ պարսպապատել են տարածքը, առաջին հերթին հենց դրանք են հայտնվելու նախարարության թիրախում։

«Այստեղ մենք որևէ իրավական խնդիր չունենք բացարձակ, տնտեսվարողները որևէ իրավունք չունեն տվյալ տարածքների նկատմամբ, տվյալ գործունեությամբ զբաղվելու տվյալ տարածքներում և դատական մարմինների հետ որևէ գործընթաց իրականացնելու, այդ թվում նաև տնտեսվարողների իրավունքներից բխող դատական ատյաններ դիմելու հնարավորություն չկա», - ասաց նախարարը:

Ըստ բնապահպանների՝ այսպիսի կառույցները վնաս են հասցնում լճի էկոհամակարգին, ինչի արդյունքում արդեն մի քանի տարի շարունակ կապուտակ Սևանը ծաղկում է և կանաչում։

Սևանի ափամերձ հատվածներում տարիներ շարունակ ոչ միայն հանգստի և ժամանցի օբյեկտներ են գործել, այլև կառուցվել են բազմաթիվ առանձնատներ, հյուրանոցներ և այլն։ Նախարարության հաջորդ քայլը կլինի նախկինում կնքված բոլոր պայմանագրերի վերանայումը, Պետրոսյանն այս պահի դրությամբ 1000 պայմանագիր մասին է հայտնում։

«Եթե այստեղ կա ապօրինի շենք, շենքը շահագործվում է անձնական կամ կոմերցիոն նպատակներով, բնականաբար, շենքը արդեն իսկ ուղղակիորեն ազդեցություն է ունենում էկոհամակարգի վրա», - ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարն ասում է՝ երկարատև գործընթաց է լինելու՝ հավելելով, որ երկար ճանապարհի առաջին քայլերն են հիմա կատարվում։ Նրա խոսքով՝ այս գործընթացի հիմնական նպատակը էկոհամակարգի բարելավումն է, իրենք էլ այնպես են գործելու, որ ապօրինություն թույլ տված բոլոր քաղաքացիները համակարծիք լինեն իրենց որոշումների հետ։

Սևանի խնդիրներից մյուսը ջրի տակ մնացած բուսական աշխարհն է, լճի որոշ հատվածներում անգամ ծառերը ջրի երես են դուրս գալիս։

XS
SM
MD
LG