Մատչելիության հղումներ

Չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին՝ Վրաստանում համապետական լոքդաուն չի լինելու


Վրաստան - Ջերմաչափում ավտոճանապարհներից մեկին, 14-ը սեպտեմբերի, 2020թ.

Չնայած կորոնավիրուսի դեպքերի շարունակվող աճին, Վրաստանի կառավարությունը հայտարարում է՝ նոր համապետական լոքդաուն չի լինելու։ Այս մասին նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ պնդելով, թե երկրի բնակիչները պետք է սովորեն ապրել կորոնավիրուսի հետ։

«Մեր ադապտացիոն քաղաքականության հիմնական բաղադրիչը պետք է դառնա կորոնավիրուսի տարածման դեմ նպատակաուղղված պայքարը։ Կարող են լինել տեղային կարանտիններ, սակայն կոշտ, համակարգային սահմանափակումները, որոնց միջոցով մենք սկզբնական շրջանում կարողացանք նվազեցնել բնակչության շարժը, չեն կրկնվելու», - հայտարարում էր Գախարիան։

Վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է նկատվում։ Նախօրեին Վրաստանի տարածքում կորոնավիրուսի 179 նոր դեպք էր արձանագրվել, վերջին մեկ շաբաթում արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է հազարը։

Հիշեցնենք, ի դեպ, որ գարնանը Վրաստանի կառավարությունը եռամսյա համապետական լոքդաուն հայտարարեց, երբ կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը հատեց 30-ի շեմը։ Այսօր, սակայն, կառավարության մարտավարությունը փոխվել է։ Վարչապետ Գախարիայի խոսքով՝ առաջնահերթ է COVID-19-ի դեմ պայքարի համատեղումը տնտեսության վերականգնման հետ։

Նման մոտեցման դրդապատճառները միանգամայն հասկանալի են։ 2020 թվականի առաջին 7 ամիսների տվյալներով տնտեսական անկումը Վրաստանում շուրջ 6 տոկոս է կազմել, դրան էլ գումարած, չնայած Կենտրոնական բանկի լայնածավալ արտարժութային ինտերվենցիաներին, ազգային տարադրամի՝ լարիի փոխարժեքը շարունակում է անկում արձանագրել։ Ստեղծված պայմաններում Վրաստանի իշխանությունները ստիպված են լրջորեն մտածել երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտի՝ զբոսաշրջության վերականգնման մասին։

Դա է, թերևս, պատճառը, որ երեկ կայացած կառավարության նիստի ընթացքում որոշվեց նաև մասնակիորեն բացել երկրի օդային սահմանները։

«Այսօր մենք որոշեցինք հոկտեմբերի 1-ից վերսկսել Քութաիսիից Ռիգա իրականացվող կանոնավոր չվերթները։ Դրանք իրականացնելու է Wizz Air ավիաընկերությունը՝ առայժմ շաբաթական մեկ անգամ։ Դա, իհարկե, այնքան էլ համարձակ որոշում չէ, սակայն ընդհանուր միտումը տեսանելի է՝ խոհեմաբար և զգուշորեն նպաստել տնտեսության ավելի արագ վերականգնմանը», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը։

XS
SM
MD
LG