Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսային վիճակագրությունը մտահոգիչ է դառնում


Վրաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնելու համար հերթ Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում, 2-ը սեպտեմբերի, 2020թ.
Վրաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնելու համար հերթ Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում, 2-ը սեպտեմբերի, 2020թ.

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջող արդյունքներ արձանագրած Վրաստանում համաճարակային իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից՝ աճում է մտահոգիչ վիճակագրությունը, ընդլայնվում է վարակի տարածման գոտին, հիվանդանոցներում առկա տեղերի քանակը մոտ է վերջանալուն:

Վերջին տվյալների համաձայն՝ վարակակիրների թիվը աճել է 57-ով, ինչը համաճարակի բռնկումից ի վեր երկրում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է մեկ օրվա կտրվածքով: Շուրջ 4 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1830, հիվանդանոցներում բուժվող 469 վարակակիրներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 18-ինը՝ կայուն ծանր: Մինչ օրս կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախը համարվում է Աջարիան՝ այստեղ վերջին օրերին արձանագրվում է միջինը մի քանի տասնյակ նոր դեպք՝ 24 ժամվա կտրվածքով:

Վրաստանի իշխանությունները չեն թաքցնում մտահոգությունը` ընդլայնվել է նաև վարակի տարածման ոլորտը՝ կորոնավիրուս է հաստատվել խորհրդարանի պատգամավորի և նրա կնոջ, երկու սահմանապահների, Բաթումիի ծննդատան հինգ աշխատակիցների մոտ։

Վարակի աճի այս տեմպը պահպանվելու դեպքում Վրաստանը երկու շաբաթվա ընթացքում կանաչ գոտուց կարող է վերածվել դեղինի, հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

«Հիմնականում թվերն աճում են Աջարիայի դեպքերի հաշվին, սակայն մարդիկ ճամփորդում են, ռիսկերը մեծանում են, այդ իսկ պատճառով պետք է ուժեղացնել հակահամաճարակային սահմանափակումները ոչ միայն Աջարիայում, այլ նաև ողջ երկրում», - ընդգծել է փոխնախարարը:

Նոր սահմանափակումների ընդարձակ ցանկը կառավարությունը նախօրեին հրապարակեց՝ հոբելյանները, հարսանիքները, սգո և այլ արարողությունները կրկին արգելվում են, թատրոնների, կինոթատրոնների, մանկական ժամանցային վայրերի վերաբացումը հետաձգվում է մինչև նոյեմբերի 1-ը, դպրոցներում հանդեսները արգելված են, բուհերում դիմակների ռեժիմը և պարտադիր ջերմաչափումը մնում են ուժի մեջ:

«Անհրաժեշտ է մեծ վերահսկողություն սոցիալական և արարողակարգային միջոցառումների ժամանակ, հատկապես փակ տարածքներում։ Ցայտուն օրինակ է Աջարիան, որտեղ վերջին ամիսներին տեղի են ունեցել շատ մեծ հարսանիքներ։ Եղել են դեպքեր, երբ հենց սոցիալական միջոցառումներն են դարձել վարակի տարածման աղբյուր», - հայտարարում էր վարչապետ Գիորգի Գախարիան:

Վրաստանում կորոնավիրուսով հոսպիտալացվող հիվանդների թվաքանակի աճի պատճառով հետզհետե նվազում է հիվանդանոցներում ազատ մահճակալների թիվը։ Առողջապահության նախարար Եկատերինա Թիկրաձեի խոսքով՝ COVID կենտրոններում առկա 600 տեղերից 421-ը զբաղված են: Ախտանիշներ չունեցող վարակակիրներին այսուհետ կտեղավորեն հյուրանոցներում, Թբիլիսիում, Բաթումիում և Քութաիսիում արդեն որոշ վարակակիրներ բուժումը շարունակում են հատուկ հյուրանոցներում:

Վրաստանն առաջիններից էր, որ աննախադեպ կոշտ սահմանափակումների դիմեց վարակի տարածումը երկրում կանխելու համար՝ փակելով արտաքին և ներքին սահմանները, արգելելով զանգվածային միջոցառումները, պարտադիր դարձնելով դիմակները, ընդհուպ օրեր շարունակ արգելելով քաղաքացիների մեքենայով տեղաշարժը, մեկուսացնելով նաև որոշ բնակավայրեր։ Ամիսներ ի վեր երկրի կառավարությունը հրաժարվում է էական քայլեր անել սահմանափակումները թուլացնելու և բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:

Ընդդիմախոսները պնդում էին՝ իշխանությունների չափից դուրս զգուշավորությունը պայմանավորված է հոկտեմբերի 31-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններով, որոնց իշխող ուժը ցանկանում է ներկայանալ իր կառավարման տարիների թերևս ամենահաջողած պատմությամբ՝ կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակով:

Վերջին օրերին թափ հավաքող նախընտրական քարոզարշավը, սակայն, հեռու է վարակի դեմ պայքարի կառավարության տեսլականից:

Նախընտրական հանդիպումների ընթացքում հակահամաճարակային կանոններին չեն հետևում ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության ներկայացուցիչները: Անգամ կարմիր գոտում հայտնված Աջարիայում իշխող «Վրացական երազանք»-ի նախընտրական հանդիպումներից մեկի ընթացքում, որին ներկա էին նաև վարչապետ Գախարիան ու Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ոչ միայն սոցիալական հեռավորություն չեն պահպանել, այլ նաև դիմակ չեն կրել։ Կոշտ քննադատությունից հետո միայն իշխող ուժի ներկայացուցիչները սկսեցին հրապարակել դիմակով լուսանկարներ։

XS
SM
MD
LG