Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի աճի ֆոնին «Վրացական երազանքը» ներկայացրեց ընտրական ցուցակը


Որոշ քաղաքներում ուսումնական նոր տարին հետաձգվում է

Վրաստանի խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում, Զուգդիդում, Գորիում և Փոթիում ուսումնական նոր տարվա սկիզբը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը։ Նախատեսված էր դպրոցները վերաբացել սեպտեմբերի 15-ին, բայց վարչապետ Գեորգի Գախարիան այսօր հայտնեց, որ դպրոցները կվերաբացվեն հոկտեմբերի 1-ին։

Որոշման պատճառը կորոնավիրուսի նոր դեպքերի աճն է։ Անցած մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք, սա ամենաբարձր թիվն է համավարակի ամբողջ ընթացքում, որը գերազանցեց նախօրեին գրանցված ռեկորդը։

Երեկվանից Վրաստանում արգելվել են զանգվածային հավաքներով մարդաշատ միջոցառումներ անցկացնելը՝ հարսանիքներ, հուղարկավորություններ, շատ հանդիսատեսով սպորտային խաղեր, արարողություններին 10 մարդուց ավելիի մասնակցությունը արգելվում է։

Նախօրեին հայտնի դարձան COVID-19-ը վիրուսի նոր օջախներ. Քութայիսի դպրոցներից մեկում կորոնավիրուսի 24 դեպք է հաստատվել, Թբիլիսիի ռեստորաններից մեկում անցկացված հարսանիքը հիվանդության հինգ նոր կլաստեր է ստեղծել, ծովափնյա Բաթումին մնում է օջախներից մեկը, 10 դեպքի վարակման աղբյուրը պարզ չէ, կոնտակտավորները հայտնի չեն։ Պաշտպանության նախարարի հրամանով բանակում ուժեղացել է վերահսկողությունը՝ փակ տարածքներում պարտադիր է դարձել դիմակ կրելը։

Կորոնավիրուսի աճին զուգահեռ Վրաստանը գնում է խորհրդարանական ընտրությունների

Սեպտեմբերի 7-ին Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժումը» հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է։ Երեկ իշխող «Վրացական երազանքը» հրապարակեց կուսակցության ընտրական ցուցակը։ Ցանկում իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի անունը չկա։

Ցուցակը գլխավորում է վարչապետ Գեորգի Գախարիան։ Երկրորդ տեղում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն է, երրորդում` նախկին խոսնակ Իրաքլի Կոբախիձեն։ Հրապարակված ցուցակի առաջին 20 տեղում նախարարներ, պատգամավորներ են, կան նաև նոր անուններ։

Անակնկալ է համարվում նախկին վարչապետ, հիմա պաշտպանության նախարար Իրաքլի Ղարիբաշվիլիի բացակայությունը, իշխող ուժի ընտրական ցուցակում նա ընդգրկված չէ։ Կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի բացակայությունը կանխատեսվում էր։ Ընդդիմությունը պնդում է, որ Իվանիշվիլին խուսափում է պատասխանատվությունից, գերադասում է մնալ ստվերային կառավարիչ։ Մինչև վերջին պահը նաև հայտնի չէր, թե նա արդյոք մասնակցելու է ցուցակի հրապարակմանը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Մնացմինդա զբոսայգում անցկացված բացօթյա հավաքում:

Նա մասնակցել է հավաքին ու հայտարարել, թե «Վրացական երազանքի» հաղթանակը Վրաստանի հաղթանակն է։ Իշխող ուժի ձեռքբերումների շարքում նա նույնիսկ դասել է Վրաստանի ռեգբիի հավաքականի հաջողությունը, Վրաստանի թիմն ընդգրկվել է 8 ուժեղագույն հավաքականների մրցաշարում, բայց ամենակարևորը` Իվանիշվիլին ընդգծել է կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների հաջողությունները։

Սակայն վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերը Վրաստանում անշեղորեն աճում են։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան ասել է, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսից բուժվում է 536 հիվանդ, նրանցից 17-ի վիճակը ծանր է գնահատվում, իսկ 4-ի վիճակը` ծայրահեղ ծանր։

Նա ասել է, թե վերջին օրերին նոր դեպքերի աճը ներքին տուրիզմի ակտիվացման ու անվտանգության միջոցները անտեսելու հետևանք է։ Լրագրողների հարցերի պատասխաններում նա խոստովանել է, որ Վրաստանը կորոնավիրուսի հիվանդության տարածման առումով դուրս է եկել «կանաչ» գոտուց` եթե հուլիսի սկզբին 100 հազար բնակչի հաշվարկով մեկ նոր դեպք էր գրանցվում, ապա հիմա 10-ից ավելին, ինչը համարվում է «դեղին»` նախազգուշական գոտի, իսկ 300 միավորից հետո «կարմիր» կոդն է։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը չի բացառել կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականությունը, որը հնարավոր է լինի գալիք հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, նշելով, որ աշնանը սովորաբար օդակաթիլային վարակիչ հիվանդությունների աճ է արձանագրվում։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են հոկտեմբերի 31-ին։

Նշենք նաև, որ ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն աշխարհի շատ երկրների համեմատ բավականին քիչ են։ Փետրվարից մինչև հիմա լաբորատոր ստուգումներով հաստատվել է կորոնավիրուսի 1917 դեպք, հիվանդությունից մահացել է 19 մարդ։

XS
SM
MD
LG