Մատչելիության հղումներ

NDI-ի հարցումների համաձայն՝ Վրաստանի ընտրությունների արդյունքները կախված են չկողմնորոշվածների որոշումից


Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս առաջ ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցումները վկայում են, որ չնայած քվեարկությանը մասնակցելու վրաստանցիների պատրաստակամությանը՝ շատ բարձր է չկողմնորոշվածների թիվը, ու ընտրությունների արդյունքները հնարավոր է կախված լինեն նրանց վերջնական որոշումից։

Օգոստոսի 6-11-ը անցկացված հարցումների համաձայն՝ եթե ընտրություններն անցկացվեն վաղը, ապա հարցվածների 88 տոկոսը կմասնակցի քվեարկությանը, բայց 59 տոկոսը դեռ չի կողմնորոշվել՝ ում օգտին կքվեարկի:

Իսկ կողմնորոշվածների մոտ այսպիսի պատկեր է ուրվագծվում՝ 17 տոկոսը պատրաստ է ձայն տալ իշխող «Վրացական երազանք»-ին, 5 տոկոսը՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, ևս 5 տոկոսը` այլ ուժերի, սակայն ամենաբարձրը՝ 40 տոկոսն ասել է՝ «չգիտեմ», ևս 24 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Հաշվի առնելով, որ կուսակցությունների ցուցանիշները շատ ցածր են, հարցման հեղինակները նշում են, որ այդ տվյալները չի կարելի օգտագործել ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար։ Նրանք գտնում են, որ ընտրությունների արդյունքները կախված կլինեն չկողմնորոշված ընտրողների որոշումից։

Զեկույցի հեղինակները նշում են, որ քաղաքական որևէ ուժի ընտրելու գործում ընտրողներն առաջին հերթին հաշվի են առնելու կուսակցության տնտեսական քաղաքականությունը՝ 36 տոկոսը դա է նշել, 12-ական տոկոսի ուշադրության կենտրոնում են կուսակցությունների առողջապահական ոլորտի քաղաքականությունը և օրենքի գերակայության հարցերը։

Հարցումները ցույց են տալիս, որ վրաստանցիների կեսից ավելիի՝ 56 տոկոսի կարծիքով՝ ընտրությունները կանցնեն ազատ և արդար, 28 տոկոսը հակառակ կարծիքին է։ Ինչ վերաբերում է ընտրությունները ժողովրդավար անցկացնելու հնարավոր խոչընդոտներին, ապա մեկ երրորդի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը ընտակաշառքն է, ընտրողների ձայնը գնելը, 15 տոկոսը գտնում է, որ կարող են խախտումներ լինել քվեարկության ընթացքում, իսկ 13 տոկոսը նշել է վարչական ռեսուրսի օգտագործումը:

Վրաստանցիներին ամենից շատ հուզող հարցերը մնում են երկրի սոցիալ-տնտեսական պայմանները՝ աշխատատեղեր, աղքատություն, գնաճ։

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հարցումների համաձայն, տնտեսության հիմնական խնդիրը մեծամասնությունը՝ 67 տոկոսը համարել է գործազրկությունը, 33 տոկոսը՝ սղաճը, 22 տոկոսը՝ աղքատությունը, 20 տոկոսը հիմնական խնդիրը համարում է ցածր աշխատավարձերը, և10 տոկոսը խնդիրը տեսնում է կորոնավիրուսի համավարակում։ Հարցվածների միայն 1 տոկոսն է կարծում, որ երկրի տնտեսությունում ամեն ինչ կարգին է։

Հարցվածների 57 տոկոսը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում պետությունից ֆինանսական օգնություն չի ստացել, ստացողների 52 տոկոսն էլ ասել է, թե օգնությունն անբավարար էր:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերի 31-ին։

XS
SM
MD
LG