Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից


Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ նավալնին, արխիվ

«Շարիտե» հիվանդանոցը հայտնել է այսօր, որ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է, Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից: Նա արդեն ինքնուրույն է շնչում և արձագանքում է շրջապատի վերաբերմունքին, սակայն թունավորման երկարաժամկետ հետևանքները դեռ վաղ է գնահատել, հայտնել են «Շարիտե»-ի բժիշկները:

Ռուսաստանում ընդդիմադիր գործչի թունավորման վերաբերյալ քրեական գործ դեռ չի հարուցվել, թեև Օմսկի բժիշկները խոստովանել են, որ ի սկզբանե Նավալնիի մոտ կասկածում էին թունավորում և առաջին ժամերին նրան հենց նման բուժում էին տալիս, սակայն ավելի ուշ Նավալնիի անալիզները ցույց են տվել, որ նրան չեն թունավորել:

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են արդեն, որ քրեական գործ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ չի հարուցվում, քանի դեռ չկան հստակ ապացույցներ, որ նրան թունավորել են: Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ ռուս ընդդիմադիր գործչի ենթադրյալ թունավորման շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ազդել Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճակատագրի վրա: Այս մասին հայտարարել է կանցլերի ներկայացուցիչը:

Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Նավալնիի բուժման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջում է, որ գերմանական կողմը ներկայացնի նոր հետազոտությունների և բուժման հետ կապված բոլոր փաստաթղթերը, գերմանական կողմը հայտարարում է, որ պատրաստ է փոխանցել տեղեկատվությունը, երբ լինի պաշտոնական արդյունքները, Մոսկվան պնդում է, որ հարցումն ուղարկել են, սակայն, պատասխան չեն ստացել:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը ասել է, թե իշխանությունները վաղուց են համաձայնել բավարարել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հնարավոր թունավորման գործով Ռուսաստանի գլխավոր դատախազության իրավական օգնության մասին հարցումը

Մաասի խոսքով՝ անցյալ շաբաթ նա տեղեկացրել է Ռուսաստանի դեսպանին Գլխավոր դատախազության խնդրանքը կատարելու Բեռլինի համաձայնության մասին:

Օգոստոսի 27-ին իր հարցման մեջ Ռուսաստանի դատախազությունը խնդրել էր, որ «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները տրամադրեն Նավալնիի անալիզների արդյունքները և նրա բուժման մասին ամբողջ տեղեկությունը: Ըստ Մաասի, ֆորմալ հարցում ստանալուց հետո Գերմանիան կտրամադրի բոլոր փաստաթղթերը, որ անհրաժեշտ են Նավալնիի գործով տեղեկատվության փոխանակման համար: Արտգործնախարարը նշել է նաև, որ «Շարիտե» հիվանդանոցում ռուս ընդդիմադիր գործչի հետազոտությունը շարունակվում է:

Հայկո Մաասը կոչ է արել Ռուսաստանին սկսել լիարժեք հետաքննություն: Այս պահին հայտարարվել է ստուգման մասին, սակայն Նավալնիի թունավորման փաստի վերաբերյալ քրեական գործ չի հարցվել, թեև գերմանացի բժիշկներն անցած շաբաթ հայտնել էին, որ նրա օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի հետքեր կան:

Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկ-Մոսկվա չվերթի ընթացքում, օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում: Ավելի վաղ Մաասը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում ասել էր, որ Գերմանիան մոտ ժամանակներս ակնկալում է Մոսկվայի ակտիվ արձագանքը, իսկ եթե արձագանք չլինի, Բեռլինի համար դա ապացույց կդառնա, որ ռուսական իշխանությունները մեղսակից են հանցագործությանը: Այդ դեպքում Բեռլինը Եվրամիության շրջանակներում նախաձեռնել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը:

Նավալնիի թունավորումը դարձել է Ռուսաստանում վերջին օրերի ամենաքննարկվող թեման, նույնիսկ Դաշնային հեռուստաընկերությունների քաղաքական թոք շոուներն են անդրադարձել այս թենամին: Ռուսական ինտերնետում հատկապես շատ են կատակները Մերկելի շուրջ Բելառուսի նախագահի հայտարարության մասին:

Անցած շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միախյել Միշուստինի հետ հանդիպման ժամանակ անսպասելի հայտարարել էր, թե բելառուսական հատուկ ծառայությունները որսացել են մի հետաքրքիր հեռախոսազրույց Վարշավայի և Բեռլինի միջև, որը վկայում է, որ Նավալնիի թունավորման մասին Մերկելի հայտարարությունը կեղծիք է: Բելառուսական պետական լրատվամիջոցներն էլ հրապարակել են այսպես կոչված Բեռլինի և Վարշավայի միջև հեռախոսազրույցը:

Գերմանիայում և Լեհաստանում հայտարարել են, որ Լուկաշենկոյի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում և չնայած Ռուսաստանում գրեթե բոլորը հասկանում են, որ բելառուսական կողմի ներկայացրած հեռախոսազրույցը կեղծ է, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին հայտնել է, որ Կրեմլում հազիվ թե կարողանան գնահատել Վարշավայի և Բեռլինի միջև բանակցությունների ձայնագրությունը, որոնք իբր գաղտնալսել են բելառուսական հետախուզական ծառայությունները: Պեսկովի կարծիքով՝ այդ հատուկ նյութը կարող են գնահատել միայն հատուկ ծառայությունները:

Ռուսական քաղաքական թոք շոուներում արդեն ակտիվ քննարկում են Նավալնիի թունավորման թեման, բազմաթիվ վարկածներ են առաջ քաշում: Նախօրեին, մասնավորապես, Russia Today-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր. «Եթե պարզվի, որ նավալնիին թունավորել են, իսկ ես դրանում վստահ չեմ, իմ վարկածը կլինի, որ նրան թունավորել է Միխաիլ Խագարկովսկին: Դա նրա ոճն է, բացի այդ նրանք մրցակիցներ են ռուսական ընդդիմադիր դաշտում և նրանց միջև վերջերս եղել են տարաձայնություններ»:

Կրեմլի շահերը պաշտպանող լրատվամիջոցների և քաղաքագետների ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է՝ եթե նույնիսկ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ»-ով Կրեմլին այդ թունավորումը ձեռնտու չէ:

XS
SM
MD
LG