Մատչելիության հղումներ

Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչները չկարողացան միասնական ցուցակ կազմել՝ ընտրություններին ընդառաջ


Ընտրություններ Վրաստանում, արխիվ
Ընտրություններ Վրաստանում, արխիվ

Աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ երեք ամիս առաջ արդեն իսկ հստակ է՝ քարոզարշավի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները պայքարելու են ոչ միայն իշխող «Վրացական երազանքի», այլև միմյանց դեմ։

Չնայած շաբաթներ շարունակված ակտիվ բանակցություններին, վրացական ընդդիմության ներկայացուցիչները այդպես էլ չկարողացան միասնական ցուցակ կազմել։ Չհաջողվեց նաև երկրի տարածքում ձևավորված 30 մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածուներ առաջադրել։ Միակ բացառությունը Թբիլիսիի ութ ընտրատարածքներն էին, որոնց շուրջ առաջատար ընդդիմադիր ուժերը դժվարությամբ, բայց կարողացան ընդհանուր հայտարարի գալ։

Բանակցությունների երկրորդ փուլում, սակայն, երբ քննարկվում էր արդեն մարզերում միասնական թեկնածուներ առաջադրելու հարցը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են միայնակ մասնակցել ընտրություններին։ Կուսակցության այդ դիրքորոշումը վերահաստատեց նաև ինքը՝ Միխեիլ Սաակաշվիլին՝ կիրակի օրը «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ազգային միացյալ շարժումը» երկրի առաջատար ընդդիմադիր ուժն է, այս ուժն ի վիճակի է միանձնյա հաղթանակի հասնել առաջիկա ընտրություններում։ Որևէ կուսակցություն «Ազգային միացյալ շարժման» հետ 2020 թվականի ընտրություններում մրցել չի կարող», - հայտարարել է Սաակաշվիլին։

Սրան ի պատասխան, Վրաստանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժը, Սաակաշվիլիի նախկին զինակիցներից կազմված «Եվրոպական Վրաստանը» երկուշաբթի օրը հրապարակեց իր կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը։ Թբիլիսիի զբոսայգիներից մեկում կազմակերպված շնորհանդեսի ընթացքում «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է. «Հոկտեմբերյան ընտրությունների կարևորությունը հետևյալն է՝ այսօր աղքատ Վրաստանը հարուստ կառավարություն ունի։ Վրաստանն այսօր ղեկավարում է մի կառավարություն, որն առաջնորդվում է հովանավորչությամբ, կոռուպցիայով, փայերով և «օտկատներով»:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերի 31-ին։ Վերջին սոցհարցումների համաձայն, իշխող «Վրացական երազանքի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 39 տոկոսը, Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» օգտին՝ 16 տոկոսը, իսկ «Եվրոպական Վրաստանի» օգտին՝ շուրջ 5 տոկոսը։

XS
SM
MD
LG