Մատչելիության հղումներ

Նախընտրական Վրաստանում քննարկվում է լյուստրացիայի անհրաժեշտությունը


Վրաստան - «Լելո» շարժման առաջնորդներից Լևան Կոբերիձեն, արխիվ
Վրաստան - «Լելո» շարժման առաջնորդներից Լևան Կոբերիձեն, արխիվ

Նախընտրական Վրաստանում քննարկվող հարցերից մեկը լյուստրացիայի անհրաժեշտությունն է: «Լելո» շարժման առաջնորդներից Լևան Կոբերիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքական կյանքը սովետական անցյալից վերջնականապես կտրելու համար անհրաժեշտ է ընդունել լյուստրացիայի մասին օրենքը։

«Խորհրդարան մտնելու դեպքում, դա լինելու է մեր առաջին նախաձեռնություններից մեկը։ Երկու տարի առաջ ես փորձել եմ լյուստրացիայի մասին օրենքի նախաձեռնությունը կյանքի կոչել, սակայն այդ գաղափարն աջակցություն չգտավ «Վրացական երազանք»-ի թիմում։ Հենց այդ պատճառով ես հիմա «Լելո»-ում եմ՝ սա այն թիմն է, որը նման թեմաներից խոսելու և նման հարցերը օրակարգում դնելու բարոյական իրավունք ունի», - ասել է Կոբերիձեն՝ ընդգծելով. - «Եթե մենք ցանկանում ենք հրաժեշտ տալ սովետական անցյալին ու սովետական մտածողությանը, եթե ցանկանում ենք երկրի առաջընթացը, եթե ցանկանում ենք ամեն ինչ կոչել իրենց անուններով, որպեսզի հետագա սերունդները կարողանան կառուցել լավ Վրաստան, որպեսզի երկիրը քայլի առաջընթացի ճանապարհով, անհապաղ պետք է ընդունել լյուստրացիայի մասին օրենքը»։

Նա նշել է, որ իրենց խնդիրն է քաղաքական և հանրային դաշտում սահմանափակել այն մարդկանց քանակը, որոնք համագործակցել են կամ շարունակում են համագործակցել արտասահմանյան, առաջին հերթին Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: «Մենք պարտավոր ենք այդ օրինագիծն առաջին պլան մղել և հույս ունենք՝ հաջորդ խորհրդարանում աջակցություն կստանանք։ Քաղաքական և հանրային ոլորտներում այդ մարդկանց չթույլատրել պաշտոններ զբաղեցնել, և հնարավոր է դա տարածվի նաև դատական համակարգի վրա, այն դատավորների վրա, որոնք կարող են որևէ կապեր ունենալ հանցավոր իշխանության, կամ արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ», - նշել է Կոբերիձեն:

Լյուստրացիայի մասին օրենքի անհրաժեշտությանը նվիրված բրիֆինգում խոսել է նաև «Լելո»-ի մյուս առաջնորդ Պիքրիա Չիխրաձեն։ «Մենք ցանականում ենք հանրության հետ խոսել լյուստրացիայի օրենքի մասին։ Այդ թեման չի կորցրել իր հրատապությունը, հատկապես նկատի ունենալով, որ Վրաստանն օկուպացված երկիր է, և ռուսական ուժերը շատ ակտիվ են գործում։ Ցավոք, մեր հատուկ ծառայությունները դեռևս չեն գտնվում համապատասխան մակարդակի վրա, որպեսզի այդ ամենին կարողանան էֆեկտիվ դիմակայել։ Կարևոր է պաշտպանել մեր երկիրը ռուսական և այլ հատուկ ծառայությունների ազդեցությունից քաղաքական և հանրային կյանքի, մամուլի վրա», - ասել է Չիխրաձեն։

XS
SM
MD
LG