Մատչելիության հղումներ

Սերբիան հրաժարվեց մասնակցել Բելառուսում կայանալիք «Սլավոնական եղբայրություն» զորավարժություններին


Սերբիա- «Սլավոնական եղբայրություն զորավարժություններ 2016», Բելգրադի մոտակա տարածքում, արխիվ

Բելառուսն այսօրվանից ընդունելու էր «Սլավոնական եղբայրություն» կոչվող զորավարժությունների մասնակիցներին, սակայն մեկ օր առաջ Սերբիան որոշում է ընդունել 6 ամսով սառեցնել իր մասնակցությունը միջազգային բոլոր զորավարժություններին և չի մասնակցի «Սլավոնական եղբայրությանը»։

Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը երեկ ասել է, թե սերբ զինծառայողներին Բելառուս չուղարկելու որոշումն ընդունվել է Եվրամիության ուժեղ ճնշման տակ։ Բրյուսելը պահանջել է, որ Սերբիան զորամիավորում չուղարկի Բելառուս, որտեղ շարունակվում են իշխանությունների բռնաճնշումները ցուցարարների հանդեպ։ «Եվրամիությունը մեզ ասել է դուրս գալ Սերբիայի հետ պլանավորած զորավարժությունից, կամ ռիսկի տակ դնել եվրոպական մեր ապագան»,- ասել է Սերբիայի պաշտպանության նախարարը։

«Սլավոնական եղբայրություն 2020» զորավարժություններին մասնակցելու էին Բելառուսը, Ռուսաստանը և Սերբիան։ Դրանք անցկացվելու են սեպտեմբերի երկրորդ կեսին Բրեստի շրջանում։

Ալեքսանդր Վուլինն ասել է, թե Սերբիան վեց ամսով մորաթորիում է հայտարարում և որևէ զորավարժության չի մասնակցեու ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Ռուսաստանի կամ միջազգային այլ գործընկերների հետ։ Խաղաղապահ առաքելությունների մասին նա ասել է, թե խաղաղապահ գործողությունների մասնակցությունը ուշադիր քննարկվելու է և անհրաժեշտության դեպքում կարող է դադարեցվել։ Նա հայտարարել է, թե որոշումն ընդունվել է ապահովելու համար Սերբիայի «ռազմական չեզոքության դիրքորոշումը»։

Ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակին, հաղորդում է, որ Մինսկը պաշտոնապես դեռ չի ստացել Բելգրադի որոշումը։

ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն ասել են, որ առաջիկա ամիսներին Սերբիայի հետ պլանավորած որևէ միջոցառում չկա, բայց հավատարիմ են մնում գործընկերությանը՝ հանուն տարածաշրջանի կայունության ու անվտանգության։ «ՆԱՏՕ-ն երկարատև գործընկերություն ունի Սերբիայի հետ, ինչը մենք գնահատում ենք», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյան։

Սերբիան ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է խաղաղապահ առաքելությունների ծրագրով։

Չնայած Բելգրադը սերտ հարաբերություններ ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության հետ, սակայն Բելառուսի նախագահական ընտրություններից հետո` օգոստոսի 11-ին, Սերբիան պաշտպանել էր Եվրամիության հայտարարությունը, ուր ասված է, որ ընտրությունները ազատ և արդար չէին, ինչպես նաև քննադատվել էր Բելառուսի կառավարությունը ցուցարարների հանդեպ բռնաճնշումների համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Սերբիայի «սլավոնական եղբայրությանը», ապա դրա վերջին ճիչը անցած կիրակի ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի ֆեյսբուքյան սկանդալային գրառումն էր Սերբիայի նախագահի հասցեին։

XS
SM
MD
LG