Մատչելիության հղումներ

Սերբիայի առաջնորդները դատապարտել են ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան սկանդալային գրառումը


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի` Սերբայի նախագահի մասին ֆեյսբուքյան սկանդալային ստատուսը (գրառումը) խնդիրներ է առաջացրել Սերբիայի և Ռուսաստանի միջև։

Զախարովայի հրապարակմանն անդրադարձել է անգամ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` այն համարելով Զախարովայի ենթագիտակցության «պրիմիտիվիզմի և գռեհկության արտահայտում»։

Զախարովան Ֆեյսբուքի իր էջում երկու լուսանկար էր տեղադրել` մեկում Սպիտակ տան օվալաձև սրահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմաց աթոռին նստած է Սերբիայի նախագահը։ Մյուս լուսանկարը «Հիմնական բնազդ» ֆիլմից արված սքրինշոթն է, որտեղ Շերոն Սթոունը նստած է ոտքը ոտքին գցած, դա ֆիլմի այն պահն է, երբ նա էրոտիկ դիրքով նստած էր քննիչների առաջ։ Այս լուսանկարների տակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև մեկնաբանություն է գրել․ «Եթե ձեզ կանչել են Սպիտակ տուն և աթոռը այնպես են դրել, ասես ձեզ հարցաքննում են, ապա նստեք ինչպես երկրորդ լուսանկարում։ Ով էլ դուք լինեք։ Պարզապես հավատացեք»։

Զախարովայի այս գրառմանն առաջինն անդրադարձել է Սերբիայի կառավարությունում Կոսովոյի հարցերով գրասենյակի տնօրեն Մարկո Ջուրիչը՝ խստորեն քննադատելով այն։ Թվիթերի իր էջում Մարկո Ջուրիչը գրել է. «Իսկ պատկերացրեք, որ այդ նախագահը նույնիսկ այնտեղ ոչ մի վատ բառ չի ասել Ռուսաստանի դեմ։ Իսկ պատկերացրեք, որ այդ նախագահը մեկուկես ժամ սպասել է Ռուսաստանի նախագահի ընդունելությանը և իր համար աթոռ չի խնդրել։ Ես ձեզ թույլ չեմ տա հարձակվել հպարտ Սերբայի վրա, դուք պետք է ամոթի զգացում ունենաք»։

Զախարովայի ստատուսը դատապարտել է նաև Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը։ «Մարդու մեծությունը չի չափվում նրա նստած աթոռի չափսերով, այլ համարձակության մեծությամբ, որպեսզի ցանկացած աթոռին պաշտպանի իր ժողովրդին և իր ժողովրդի բարեկամներին», - ասել է Սերբիայի պաշտպանության նախարարը` նշելով, որ Զախարովայի մանր չարությունը ուրախացրել է Ռուսաստանի ու Սերբիայի թշնամիներին։

Ամենակոշտը թերևս արտահայտվել է նախագահ Վուչիչը։ Կիրակի օրը նա Բրյուսելում էր, ու կառավարամետ Pink TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ՌԴ արտգործանախարարության մամուլի խոսնակի ստատուսը համարել է Զախարովայի ենթագիտակցության «պրիմիտիվիզմի և գռեհկության դրսևորում, ինչը խոսում է նրա ու նրան այդտեղ նշանակողների մասին»: Սերբայի նախագահը նաև նշել է, որ գտնվելով Վաշինգտոնում պաշտպանել է Սերբիայի սերտ կապերը Ռուսաստանի հետ, ներառյալ զենքի գնումները, մերժել է միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։

Զախարովան Ֆեյսբուքի իր էջում ներողություն է խնդրել, բայց ասելով, թե իր հրապարակումը սխալ է մեկնաբանվել։ Ինքը միայն ցանկացել է ցուց տալ բացառիկների (Ամերիկայի) ամբարտավան մեծամտությունը։ «Արարողակարգային հնարքները ամերիկացի չինովնիկները պարբերաբար օգտագործում են, որպեսզի արհեստականորեն ցույց տան իրենց բացառիկությունը, իսկ դա անընդունելի է»,- փորձել է արդարանալ նա։

Պատմությունը այսքանով չի ավարտվել։ Գագաթնակետը թերևս Սերբիայի նախագահի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև կիրակի կայացած հեռախոսազրույցն էր։ Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության` Վուչիչն ափսոսանք է հայտնել Զախարովայի ֆեյբուքյան հրապարակման կապակցությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը ևս, հայտնելով հեռախոսազրույցի մասին, չի նշում, թե որ կողմի նախաձեռնությամբ է այն տեղի ունեցել, ինչը ՌԴ արտաքին գերատեսչությունը սովորաբար անում է։

Զախարովայի հրապարակած լուսանկարը Վաշինգտոնում անցած շաբաթավերջին կայացած Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարների հետ բանակցություններից էին։

Բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 4-ին Սպիտակ տան տան օվալաձև սրահում Սերբիայի նախագահն ու Կոսովոյի վարչապետը տնտեսական համագործակցության պայմանագիր են ստորագրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանագրի ստորագրումը պատմական է գնահատել։

2008 թվականին Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից։ Բելգրադը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։

XS
SM
MD
LG