Մատչելիության հղումներ

Պեսկով. Հատուկ ծառայություններն ուսումնասիրում են Մերկելի հայտարարության մասին Բելառուսի տվյալները


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ռուսական հատուկ ծառայությունները ուսումնասիրում են նախօրեին Բելառուսի փոխանցած տվյալներն այն մասին, որ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին Գերմանիայի կառավարության հայտարարությունները կեղծիք են եղել: Միևնույն ժամանակ Պեսկովը չի մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը, որը հերքել էր Գերմանիայի կառավարությունը։

Նախօրեին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը ընդդիմադիր գործչի թունավորման մասին կեղծված է: Նրա պնդմամբ` դա պարզել է բելառուսական հետախուզությունը՝ գաղտնալսելով Վարշավայի և Բեռլինի միջև հեռախոսազրույցը։ Լուկաշենկոն պնդել էր, թե իրականում թունավորում չի եղել։

Իսկ պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները Նավալնիի վիճակի հետ կապված որևէ տեղեկություն չեն թաքցրել, քրեական գործ կհարուցեն, երբ հաստատվի, որ նրան թունավորել են։ Մինչդեռ Արևմուտքը չի կասկածում, որ Կրեմլի կոշտ քննադատին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով։ Հենց այդ թունավոր նյութին է անդրադարձել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` այսօր Ռուսաստանին կոչ անելով բացահայտել «Նովիչոկ» ծրագիրը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է համագործակցի այս միջազգային կազմակերպության հետ ընդդիմադիր քաղաքական գործչի թունավորման միջազգային հետաքննության հարցում: Ստոլտենբերգի խոսքով՝ լուրջ կասկածներ չկան, որ Նավալնին իսկապես թունավորվել է նյարդապարալիտիկ նյութով. - «Քիմիական զենքի ցանկացած կիրառում մարդկային կյանքի նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է: Դա միջազգային օրենքների ու նորմերի անընդունելի խախտում է: Այդ պատճառով մենք խստորեն դատապարտում ենք այս հարձակումը, որովհետև սա միայն մեկ մարդու դեմ հարձակում չէ, սա հարձակում է հիմնարար ժողովրդավարական ազատությունների դեմ:

Ավելի վաղ Ստոլտենբերգն Ալեքսեյ Նավալնիի թունավորումը «ցնցող» էր անվանել և հայտարարել, որ կազմակերպությունը քիմիական զենքի ցանկացած կիրառում դիտում է որպես միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիք: Իսկ Գերմանիայի կոալիցիոն կառավարության կուսակցությունների քաղաքական գործիչները Նավալնիի թունավորման մեջ տեսնում են Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների մասնակցության միանշանակ հետքեր: Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության միջազգային հարցերով խոսնակ Յուրգեն Հարթը հայտարարել է, թե «Նովիչոկ»-ով թունավորումը տեղի չի ունենա առանց Ռուսաստանում պետական ինստիտուտների մասնակցության: Նման եզրակացության է եկել նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության խոսնակ Միլս Շմիթը: Նա հայտարարել է, որ կիրառված թույնը միանշանակ մատնանշում է ռուսական պետական մարմինների մասնակցությունը: «Այս բավականին բարդ նյութն ունեն միայն ռուսական հատուկ ծառայությունները կամ պետական գերատեսչությունները», - ընդգծել է գերմանացի քաղաքական գործիչը:

Պուտինի ամենակոշտի քննադատի թունավորմանը համատեղ արձագանքելու կոչ է արել նաև Եվրամիությունը։ ԵՄ-ն վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի քաղաքական գործչի սպանության փորձը և իրեն իրավունք է վերապահել համապատասխան գործողություններ իրականացնել, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառել։ Այս մասին հայտարարել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Ռուսաստանցի բժիշկները, մինչդեռ, շարունակում են պնդել, որ Ալեքսեյ Նավալնիին չեն թունավորել և նրա առողջության կտրուկ վատթարացման նոր հնարավոր պատճառների մասին են խոսում։ Այսօր մասնավորապես Օմսկի մարզի գլխավոր թունաբանը հայտարարել է, որ Նավալնիի մոտ նախքան հիվանդանոց տեղափոխվելը մարսողության հետ կապված խնդիրներ են եղել: Ըստ Ալեքսանդր Սաբաևի` հիվանդը դիետա էր պահում: Սակայն Ռուսաստանում բոլորը չէ, որ ընդունում են այս վարկածը. «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, օրինակ, կարծում է, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատասխանատուն անձամբ Վլադիմիր Պուտինն է: Յավլինսկու խոսքով՝ Նավալնիի թունավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը բացարձակ անհեթեթություն է։ Մոսկվայում, իհարկե, ակնկալում են, որ Մերկելի երեկվա հայտարարությանը կհետևեն նոր և ավելի կոշտ պատժամիջոցներ: Թեև Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ նոր պատժամիջոցների համար առիթ չկա, ռուսաստանյան քաղաքական էլիտան հասկանում է, որ Ռուսաստանի մեկուսացման խորացումը անխուսափելի է։ Կրեմլի շահերը սպասարկող քաղաքագետ Սերգեյ Մարկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում մասնավորապես գրում է․ «Ռուսաստանին, Կրեմլին և Պուտինին արդեն մեղավոր են ճանաչել Բրիտանիայում քիմիական զենքի կիրառելու, Ղրիմի անեքսիայի մեջ, այժմ նաև ընդդիմության առաջնորդի թունավորման մեջ։ Մի քանի շաբաթ անց պաշտոնապես մեղադրանք կլինի 2014 թվականին քաղաքացիական ինքնաթիռի կործանման գործի շրջանակներում: Ի՞նչ է լինելու հետո, պատերա՞զմ, ո՛չ, Ռուսաստանն ունի միջուկային զենք։ Պատժամիջոցնե՞ր, սովորական պատժամիջոցները չեն աշխատում։ Ուրեմն ի՞նչ: Ռուսական պետությունը կճանաչվի մասամբ հանցավոր, և Ռուսաստանի նկատմամբ կչեղարկվեն միջազգային շփման նորմերը։ Ավելի լավ է պատրաստվել դրան արդեն հիմա»:

Նավալնիի թունավորումից արդեն 15 օր է անցել, սակայն մինչ օրս Ռուսաստանում այս դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Այսօր Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը նույնիսկ ասել է, թե քրեական հետք Նավալնիի գործում չկա: Մոսկվայի դատարանն էլ այսօր մերժել է թունավորման առնչությամբ Քննչական կոմիտեի անգործության վերաբերյալ Նավալնիի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբանի ներկայացրած բողոքը:

Նիստի ընթացքում դատավորը հայտնել է, որ ՔԿ կենտրոնական ապարատը ընդդիմադիր քաղաքական գործչի կողմնակիցների դիմումը փոխանցել է տրանսպորտի սիբիրյան վարչություն: Նա նար եզրակացրել է, որ անգործության մասին խոսելու հիմք չկա։ Հարազատները և թիմակիցները մինչդեռ հենց առաջին ժամերից էին կասկածում, որ Նավալնիին թունավորել են, ու դիմել էին իրավապահ մարմիններին։

XS
SM
MD
LG