Մատչելիության հղումներ

Մինսկում առևանգել են ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային


Մարիա Կոլեսնիկովան օգոստոսի 30-ի ցույցի ժամանակ, Մինսկ

Մի քանի ժամ առաջ անհայտ անձինք Մինսկում առևանգել են ընդդիմության առաջնորդ, համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային: Ականատեսներից մեկը տեղական լրատվամիջոցներին պատմել է` դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում. քաղաքացիական հագուստով և դիմակներով մի քանի տղամարդ մոտեցել են փողոցով քայլող Կոլեսնիկովային, ուժով նստեցրել մոտակայքում կայանված միկրոավտոբուսն ու արագ հեռացել:

Նրա գտնվելու վայրի մասին որևէ բան առայժմ հայտնի չէ, ըստ աջակիցների, մի քանի ժամ է` ընդդիմադիր գործչի հեռախոսն անջատված է կամ անհասանելի: Ոստիկանությունից ռուսական «Ինտերֆաքսին» հայտնել են` իրենք կատարվածի հետ որևէ առնչություն չունեն, ընդդիմադիր գործչին չեն ձերբակալել և այժմ քննում են նրա առևանգման մասին հաղորդումները: Աջակիցները չեն բացառում, որ մի քանի ժամ անց կարող է պարզվել, որ Կոլեսնիկովան գտնվում է արտերկրում, համենայն դեպս, այդ ճանապարհով են անցել նրա համախոհները` Սվետլանա Տիխանովսկայան, Վալերի ու Վերոնիկա Ցեպկալոյներն ու ընդդիմադիր մյուս առաջնորդները` իշխանության բացահայտ կամ ոչ հրապարակային սպառնալիքների տակ:

«Վարչակազմը դիմում է տեռորի, այլ կերպ սա չես կոչի», - հայտարարել է նախագահության ընդդիմադիր թեկնածուն` Սվետլանա Տիխանովսկայան ու միաժամանակ պնդել. - «Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ այս քայլերով կարող են մեզ կանգնեցնել: Մենք կշարունակենք պայքարը, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել, և չեն անցկացվել արդար ընտրություններ»:

Չորրորդ շաբաթն է` նույն այդ պահանջներով հազարավոր մարդիկ են Բելառուսում փողոց դուրս գալիս` կոչ անելով ավելի քան 25 տարի անընդմեջ իշխանավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին հրաժարական տալ: Ցույցերը շարունակվում են` չնայած ոստիկանության բռնություններին ու ճնշումներին: Միայն երեկ Մինսկում ու մի շարք այլ քաղաքներում, ըստ պաշտոնական աղբյուրների, ձերբակալվել է ավելի քան վեց հարյուր մարդ: Ընդ որում, տեսանյութերում երևում է, որ իրավապահները շատ դեպքերում եղել են քաղաքացիական հագուստով և տարբերվել միայն ցուցարարների դեմ առանձնակի դաժանությամբ:

Մինսկի սրճարաններից մեկում փորձել են օգնել ոստիկանական բռնություններից փախչող ցուցարարներին` պատսպարել են մարդկանց ու կողպել դռները: Դիմակներով ու մահակներով զինված անձինք, սակայն, կանգ չեն առել` կոտրել են ապակիներն ու ուժով բերման ենթարկել ներսում գտնվող բոլոր տղամարդկանց: Սեփականության վրա կատարված այս հարձակման, ընդդիմադիրների դեմ ոստիկանական բռնությունների ու դաժան վերաբերմունքի բազմաթիվ փաստեր ու վկայություններ կան: Մինչ օրս առնվազն երեք ցուցարար սպանվել է, մի քանի հարյուրը` վիրավորվել, իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը, սակայն, պատասխանատվության չի ենթարկվել: Ինքը` վիճահարույց ընտրություններում ձայների ութսուն տոկոսով նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոն, կտրականապես հրաժարվում է երկխոսել ընդդիմության հետ: Փոխարենը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Պուտին-Լուկաշենկո հանդիպումը կկայանա առաջիկա օրերին, և որ հիմա կողմերն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն իր հրապարակային աջակցությունն էր հայտնել Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած Լուկաշենկոյին ու պնդել, թե պատրաստ է Ռուսաստանից ոստիկանական ուժեր ուղարկել` Բելառուսում կարգուկանոն հաստատելու համար:

Մինչ Մոսկվայում պատրաստվում են Լուկաշենկոյի այցին, արևմուտքում աշխատում են նրա վարչակազմի դեմ պատժամիջոցների վրա: Եվրամիության մի քանի դիվանագետներ «Ռոյթերզին» ասել են, որ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մինչև սեպտեմբերի 21-ը: Հայտնի է, որ «սև» ցուցակում են մոտ երեք տասնյակ բարձաստիճան պաշտոնյաներ, որոնք առնչություն ունեն ընտրակեղծիքներին կամ ցուցարարների դեմ բռնություններին: Չի բացառվում, որ այս ցանկն առաջիկայում էլ ավելի ընդարձակվի: «Մենք վերջին օրերին տեսնում ենք բռնությունների, խաղաղ ցուցարարների դեմ դաժան վերաբերմունքի նոր ալիք, ուստի կարող ենք առաջիկա օրերին ընդլայնել պատժամիջոցների ցանկը», - ասել է Չեխիայի արտգործնախարար Տոմաշ Պետրիչեկը:

Մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններն ու դրանից հետո սկսված բռնությունները նաև Միացյալ Նահանգներն է դատապարտել: «Քվեարկությունն ազատ ու արդար չէր», - հայտարարել էր պետքարտուղար Մայք Փոմփեոն` չբացառելով, որ Վաշինգտոնը կարող է միանալ Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներին:

XS
SM
MD
LG