Մատչելիության հղումներ

Մինսկում կրկին բազմահազարանոց ցույց է, ոստիկանությունը կրկին բռնաճնշումների է դիմել


Բելառուս- Մինսկ, 6 սեպտեմբերի, 2020թ.

Մինսկում, չնայած իրավապահների հարուցած խոչընդոտներին, ցուցարարների խմբերին հաջողվել է միավորվել և միասնական երթով շարժվել դեպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր, սակայն անվտանգության ուժերը փակել են նրանց ճանապարհը։

Մայրաքաղաքում և մյուս խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ կոշտ միջոցների է դիմել, տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել։

Իրավապաշտպան «Весна» կազմակերպության տվյալներով` ավելի քան հարյուր ցուցարար բերման է ենթարկվել, կազմակերպության կայքում տեղադրված ցանկը անընդհատ ավելանում է։ Բերման ենթարկվածներ կան նաև Վիտեբսկ, Գրոդնո, Բրեստ և այլ քաղաքներում։

Բերման ենթարկվածերի թվում են ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Օլգա Պավլովան, «Ազատություն» Ռ/Կ-ի լրագրող Արտյոմ Սիզինցովը։

Կիրակի օրվա ցույցն անցկացվում է «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» կարգախոսով։

«Չնայած անձրևին և իշխանությունների բռնաճնշումներին, ավելի շատ մարդ է դուրս եկել փողոցներ, քան անցած կիրակի։ Համոզված եմ, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև հաղթանակ»,- «Ազատություն» Ռ/Կ-ի բելառուսական ծառայությանը ասել է ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան։

XS
SM
MD
LG