Բնապահպանները ահազանգում են, որ Արփա գետի մի հատված փոքր ՀԷԿ-երի գործունեության հետևանքով ցամաքել է:
Առաջին անգամը չէ, որ բնապահպանները խոսում են ցամաքած գետերի մասին: Տարիներ շարունակ նման ահազանգեր են եղել Հայաստանի տարբեր մարզերից:
Բնապահպան Լևոն Գալստյանը մանրամասնում է՝ տարվա շոգ ամիսներին փոքր ՀԷԿ-երը ջուրը խողովակներով մի քանի կիլոմետր տեղափոխելով գետի մի հատվածը թողնում են առանց ջրի: ՀԷԿ-երը որոշ դեպքերում բավարար՝ կարգավորումներով պարտադրված քանակությամբ ջուր բաց չեն թողնում գետեր, քանի որ, ըստ բնապահպանի, այս ամենը վերահսկող մեխանիզմ չկա. - «Օրենքով նախատեսված է, որ գետում թողնել ջրի որոշակի քանակ վերցնելուց հետո, բայց այդ քանակն այնքան փոքր է, որ դա ոչ միայն հակաէկոլոգիական է, այլ դա ընդհանրապես հակատրամաբանական է և հակաբնական է»:
Գալստյանի պնդմամբ, վերահսկման մեխանիզմների բացակայությունը տնտեսվարողներին թույլ է տալիս սակավաջուր շրջանում գետերի որոշ հատվածներ գրեթե ամբողջությամբ ջրազրկել:
Շրջակա միջավայրի նախարարությունը տնտեսվարողների կողմից ջրառի ծավալը վերահսկելու նպատակով ջրաչափեր է տեղադրել 133 ՀԷԿ-երում, որոշ գետերի վրա էլեկտրակայաններ կառուցելն արգելվել է, այսուհետ սահմանված քանականից ավելի ջրի օգտագործման դեպքում տնտեսվարողներն աննախադեպ մեծ չափերի տուգանքներ կվճարեն։
Ըստ նախարարության, փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացը վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար ուղղությունն է համարվում, սակայն դրանք էկոհամակարգերին չպետք է վնասեն։
Ոլորտը համակարգող նախարարությունից տեղեկանում ենք, որ դադարեցվել է Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի վրա գործող և ջրի որակի վրա բացասական ազդեցություն թողնող ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունը։
Արագածի ստորոտի գյուղերի բնակիչները անցած տարի պարբերաբար էլեկտրակայանների գործունեության դեմ բողոքի ցույցեր էին իրականացնում։ Բնապահպան Լևոն Գալստյանը դրական է գնահատում այս փոփոխությունները, բայց ոչ բավարար. – «Դա խնդրի լուծում չի: Ընդհակառակը, դա թույլ է տալիս, ըստ էության, արդեն օրենքի սահմանված կարգով գետերը ջրազրկել: Բացատրեմ ինչպես. էդ գետերի մեծ մասում հաշվարկները ՀԷԿ-երի այնպես է արված, որ էնտեղ գրված է շատ ավելի մեծ քանակությամբ ջուր, որ կարելի է օգտագործել, քան կարա լինի, ենթադրենք, օգոստոս ամսին: Եվ ի՞նչ ա ստացվում. ՀԷԿ-ը կարող է ջրաչափով վերցնել իրեն հասանելիք ջուրը, նույնիսկ դրանից քիչ քանակությամբ ջուր վերցնել գետից, բայց ըստ էության, գետում ջուր չթողնել: Եվ էլի ոչ մեկը դրա մասին չի կարող իմանալ»:
Գալստյանի խոսքով, այսօր գործող կարգավորումներով ՀԷԿ-երից բաց թողնվող ջրերի անհրաժեշտ քանակի հաշվարկը հիմնավորված չէ։ Նա ընդգծում է՝ ժամանակին այնպիսի օրենքներ են ընդունվել, որոնք առավելապես շահեկան են հենց տնտեսվարողներին՝ դա պայմանավորելով կայանների իրական սեփականետերերի գործոնով. ըստ բնապահպանի, նրանց 95 տոկոսը պաշտոնյաներ են։
Խնդրի լուծումը, ըստ նրա, սակավաջուր շրջանում կայանների շահագործման դադարեցնումն է։
ՀԷԿ-երի գործունեությունը վերահսկում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Ավագ տեսուչ Աշոտ Գևորգյանի փոխանցմամբ, իրենք շատ դեպքերում հայտնաբերում են, որ ՀԷԿ-երի ջրաչափերի կապարակնիքը բացակայում է: Բացի այդ, արձնագրում են բաց թողնվող ջրի անհրաժեշտ ծավալի չապահովման փաստերը։ Մասնագետը հաստատում է բնապահմանների այն պնդումը, որ խողովակի երկայնքով գետերում երբեմն շատ քիչ քանակությամբ է ջուր մնում. – «Էդ տեսակետից իրոք գետի այդ հատվածը ջրազրկվում է: Այն հատվածում, որտեղ գետի ջուրը մտնում է խողովակաշար, էդ հատվածում էկոթողքը չապահովելու դեպքում գետը զրկվում է ինքնավերականգման իրեն հատկություններից, ինչպես նաև կենդանական, բուսական աշխարհի էկոհամակարգի հետ կապված խոնավորության ապահովում, ձկնատեսակների պահպանում...»
Այժմ լուրջ խնդիրներ կան Վայոց ձորով անցնող Եղեգիս գետում, այն ըստ մասնագետի ծանրաբեռնված է: Այս գետում այլևս կայաններ չեն կառուցվի, սակայն վերջին կարգավորումները հետադարձ ուժ չունեն, ուստի քանդման և կասեցման հարց բարձրացնել չեն կարող։
Գևորգյանը հարցի իր պատկերացրած լուծումն է ներկայացնում` սպասել ՀԷԿ-երի լիցենզիաների ժամկետի ավարտին, հետո լիազոր մարմինը կորոշի։