Մատչելիության հղումներ

Արագած գյուղի բնակիչները պահանջում են չշահագործել գյուղի մոտ գործող ՀԷԿ-երը


Օրերս Գեղարոտ գետի վրա կառուցված երկու ՀԷԿ-երի վերաշահագործումը հարուցել է մոտակա Արագած գյուղի բնակիչների բողոքը: Նրանք պնդում են, որ այլևս չեն հանդուժելու ջրի աղտոտումը:

«Ազատության» հետ զրույցում գյուղի բնակիչ Ռուբեն Երանոսյանն ասաց, թե ՀԷԿ-երը շրջակա բնակավայրերի համար աղետ են․ - «Ամեն ինչի պատճառը երկաթի արջասպի բարձր կոնցենտրացիան է ջրում: Քանի որ ինքը վերցվում ա անմիջապես ջրի ակունքից ու լցվում ա ջրի խողովակ, գալիս ա մինչև գես ու թափվում ա գյուղի գլուխ, որ արդեն գալիս ա ոռոգման, էդ պարունակությունը լրիվ բերում ա»:

Երկու ՀԷԿ-երի՝ «Գեղարոտ»-ի և «Արագած 1»-ի շահագործումը սկսվել է 8 տարի առաջ: Բնակիչներն ասում են, որ նախկին իշխանությունների օրոք խնդրի մասին բարձրաձայնելն անիմաստ են համարել, բայց հեղափոխությունից հետո որոշել են չլռել․ - «Բողոքի ակցիա տեղի ունեցավ, մարզպետը որ նոր էր նշանակվել, իշխանափոխությունը որ նոր էր եղել: Էկավ էդ մարդը մեզ ասեց՝ դուք կանգնեք իմ թիկունքին, էդ գեսը չի աշխատի, հելավ իրա ձեռքով փակեց, ժողովուրդն էլ հետները: Փակեցինք եկանք: Մինչև երեկ չէ մյուս օր իմացանք, որ գաղտնի գնացել բացել են»:

Գյուղի բնակիչը պատմում է, թե ինչպիսին էր գետը նախքան ՀԷԿ-երի շահագործումը․ - «Էս գյուղը հիմնադրման օրվանից էս ջուրն ա օգտագործել և՛ խմելու, և՛ ոռոգման, և՛ հաց ու ջրի: Ժամանակին էս գետում կիլանոց, երկուկիլոանոց կարմրախայտ ձուկը վխտում էր: Հիմա որ իսկատելով ման գաս, մի հատ գորտ կամ որդ անգամ չի մնացել»:

«Ազատության» հետ զրույցում Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը ասաց, որ վարչապետի որոշմամբ գերատեսչական հանձնաժողով է ստեղծվել՝ պարզելու համար, թե արդյոք ջրի աղտոտումը ՀԷԿ-երի շահահործման հետևա՞նք է, թե՞ ոչ․ - «Էդ ժամանակ շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպել ենք քննարկումներ մարզպետարանում: Էստեղ են հրավիրվել երկու ՀԷԿ-երի տնօրենները, բնակիչների ներկայացուցիչները, ու էդ հանդիպումները պարբերաբար են եղել: Նոյեմբերի վերջին ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ միառժամանակ ՀԷԿ-երը դադարեցնում են գործունեությունը, որպեսզի հնարավոր լինի, որ միջգերատեսչական հանձնաժողովը, որ պետք է կազմավորվեր դեռ էն ժամանակ, կատարի ուսամնասիրություն և պատասխանի այդ պարզ հարցին՝ արդյո՞ք այդ ամենը, ինչ որ նշում են գյուղացիները, այդ ՀԷԿ-երի գործունեության արդյունք է»:

Նրա խոսքով, օրեր առաջ փորձագիտական խումբը մեկնել էր այնտեղ նմուշ վերցնելու, սակայն գյուղացիները թույլ չեն տվել աշխատել․ - «Միջգերատեսչական հանձնաժողովը հավաքվեց Արագածում, սակայն բնակչությունն ուղղակի թույլ չտվեց էդ հանձնաժողովին բարձրանալ և տեղում իր ուսումնասիրությունը կատարել: Դրա վերաբերյալ նույնիսկ կա արձանագրություն»:

«Արագած 1» ՀԷԿ-ի ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ, «Ազատությանն» ասաց, որ ՀԷԿ-ի աշխատանքը վերսկսել են, քանի որ գյուղացիները պայմանավորվածություն են խախտել:

Փոխմարզպետի խոսքով ևս՝ ՀԷԿ-երի շահագործումը վերսկսվել է այդ միջադեպից հետո: Հիմա ՀԷԿ-երի տնօրենների հետ կրկին պայմանավորվել են, և գործունեությունը ժամանակավորապես կասեցված է մինչև փորձաքննության անցկացումը․ - «Բոլորին հավաստիացրել ենք, որ եթե փորձաքննության արդյունքները կվկայեն այն մասին, որ ձեր նշած ամեն ինչը կապված ա ՀԷԿ-երի գործունեության հետ, դրանք չեն գործի: Բայց իրավական ընթացակարգը պետք է պատշաճ ձևով իրականացվի»:

Գյուղացիները երկու օր անց հանրային քննարկում են պատրաստվում անցկացնել, որին հրավիրել են մասնակցելու շրջակա գյուղերի բնակիչներին և մարզպետ Դավիթ Գևորգյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG