Մատչելիության հղումներ

Արագածի բնակիչների հետ կոնֆլիկտը պետք է լուծվի օրինական ճանապարհով. Գեղարոտ ՀԷԿ-ի սեփականատեր


Արագածի լանջին կառուցված Գեղարոտ ՀԷԿ-ի սեփականատեր Էդիկ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանությանը՝ իր ընկերությանը պատկանող գույքին վնաս պատճառելու վտանգի հիմքով։ Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Արագած գյուղի բնակիչները ՀԷԿ-երի շահագործման դեմ ակցիայի ընթացքում որոշել էին արհեստականորեն փոխել գետի հունը՝ այդպիսով թույլ չտալով, որ ՀԷԿ-ի խողովակի մեջ ջուր լցվի:

«Էն բանով, որ «գնանք ջարդենք, քանդենք», իսկ իրանք էս քանի օր է մենակ էդ հայտարարություններն են անում՝ «գնանք քանդենք, էքսկավատոր տվեք», - նշեց Գրիգորյանը։

Ամիսներ շարունակ պարբերաբար ցույցեր անող Արագածի բնակիչները պնդում են՝ ՀԷԿ-երի շահագործման հետևանքով Գեղարոտ գետը, որի աղբյուրում ծանր մետաղներ կան, չի ինքնամաքրվում։ Եթե նախկինում գետն իր հունով 10-15 կիլոմետր էր անցնում և բնական ճանապարհով ֆիլտրվում էր, ապա այժմ ՀԷԿ-երի խողովակների պատճառով նույն ճանապարհը մի քանի անգամ կարճացել է:

«Առաջ ոնց որ ինքնամաքրվում, գալիս էր գյուղ, էդ ջուրն օգտագործում էինք խմելու համար, կենցաղի համար, ճաշի համար, ամեն ինչի համար, իսկ հիմա ծառ ու ճյուղը չորացելա», - ընդգծեց բնակիչներից մեկը։

Գրիգորյանն ասում է՝ Արագածի բնակիչների հետ հեռակա կոնֆլիկտը պետք է լուծվի օրինական ճանապարհով: Նա հավաստիացնում է՝ եթե վարչապետի հրամանով ձևավորված փորձագիտական խմբի վերջնական եզրակացությամբ պարզվի, որ ՀԷԿ-ի շահագործման պատճառով է գյուղացիներին ջուրն աղտոտված հասնում, ապա փոխհատուցում ստանալու դեպքում պատրաստ է դադարեցնել շահագործումը:

«Մենք ասել ենք՝ պատրաստ ենք, համայնքը եթե ուզումա, կարող ենք, պատրաստ ենք։ Մենք ծախսե՞լ ենք չորս ու քանի միլիոն, մենք դրա կեսի չափ էլ էսօր համայնքին մեր փողերը, ընդամենը հարկերի ծախսերը հանենք, տանք իրանց, տանք համայնքին», - նշեց Գրիգորյանը։

Այդուհանդերձ, Գրիգորյանի գնահատմամբ, ՀԷԿ-ի խողովակը որևէ կերպ ջրի որակի վրա չի ազդում: Հակառակ գյուղացիների պնդումների, թե նախքան շահագործումը գետը երկար ճանապարհ անցնելով ինքնամաքրվում էր և ազատվում ծանր մետաղներից, նա ասում է՝ վնասակար նյութերն ամբողջովին լուծված են ջրում և որքան էլ ճանապարհ անցնեն, չեն կարող մաքրվել:

«Ես զարմացած եմ, որ էդ ինքնամաքրման հարցն են բարձրացրել», - ասաց Գեղարոտ ՀԷԿ-ի սեփականատերը:

Ավելին, ըստ նրա, բողոքող գյուղացիների հողամասերը որևէ կերպ չեն տուժում. «Հողերը չեն ջրում, ջրելուց էլ բացարձակապես չի խանգարում, ոչ մի բան, մենք հողերի անալիզներն էլ ունենք»։

«Իրանք իրանց փողի տերն, իրանց չի հետաքրքրի՝ հողը կչորնա, բույսը կչորնա, հինգ տարիա չենք ցանում հեկտարներով, ջրի պատճառով», - ասացին բնակիչները։

Գրիգորյանը պնդում է՝ Արագածում արդեն մի քանի ամիս իրականացվող բողոքի ակցիաները ուղղորդված են, սակայն չի կարող ասել, թե ում կողմից:

ՀԷԿ-ի սեփականատերը այսպես է մեկնաբանում իր գնահատմամբ ուղղորդված ակցիաները. «Հասարակ հարց, որ իրանք բերեն հիմա կանգնացնեն մի 10-15 օր, հետո ասեն՝ գիտես ինչ կա, ասեն՝ «էս ծառն իմնա, էս իմնա, հեսա գնամ կացինը բերեմ ծառը կտրեմ»։

Ամիսներ առաջ, երբ այստեղ բողոքի ցույցեր էին սկսվել, վարչապետի հրամանով տեսչական խումբ ստեղծվեց, որը պիտի փորձաքննության համար ջրից նմուշներ վերցներ:Սկզբում գյուղացիները խմբին չէին վստահում և թույլ չտվեցին աշխատանքներ իրականացնել, այդ իսկ պատճառով էլ, ըստ Գրիգորյանի, փորձագիտական եզրակացությունն ուշանում է։

Արագածոտնի մարզային իշխանությունների և սեփականատերի միջև պայմանավորվածություն կար ժամանակավորապես կասեցնել ՀԷԿ-ի շահագործումը, քանի դեռ եզրակացություն չկա։ Գրիգորյանի խոսքով՝ դրանք այնքան ուշացան, որ արդեն ֆինանսական վնաս էր պատճառում իրենց։ ՀԷԿ-ը գործի գցեցին, ինքն էլ ծրագրվածից ավելի չաշխատած ժամանակահատվածի համար մարզպետի, Արագածի համայնքապետի և բնապահպանության նախարարի դեմ դատական հայց է ներկայացրել:

«Չի տված, որ կոնկրետ ես ուզում եմ քեզ դատի տալ, այլ արած է նրա համար, որ կարողանանք հասկանալ, թե ճիշտը որն է», - ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին ակցիայի ընթացքում բողոքող գյուղացիների մի խումբ եկել էր Երևան՝ բնապահպանության նախարարի հետ հանդիպելու, նախարարը հայտնել է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Գյուղացիները ակցիան դադարեցրել էին՝ պնդելով, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, կվերադառնան գետի հունը փոխելու իրենց ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG