Մատչելիության հղումներ

Այսօր Անկարայում կբանակցեն Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները, հիմնական թեման Արևելյան Միջերկրականն է


Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաաս, արխիվ

Այսօր Անկարայում կկայանան Գերմանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հեյկո Մաասի և Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։ Դրանց հիմնական թեման է լինելու Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածի պատկանելության շուրջ Հունաստանի և Թուրքիայի միջև օրեցօր խորացող ճգնաժամը։

Գերմանական դիվանագիտության ղեկավարը Անկարա է ժամանում Էմանյուել Մակրոնի և Անգելա Մերկելի՝ անցած շաբաթավերջին ֆրանսիական ամրոցներից մեկում կազմակերպված հանդիպումից օրեր անց։ Երկարատև դադարից հետո անցկացված ֆրանկո-գերմանական այդ գագաթնաժողովի օրակարգի առանցքային թեմաներից մեկը, ի դեպ, կրկին Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված կացությունն էր։

«Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի Հունաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը շարունակվի։ Դա, սակայն, առայժմ չի հաջողվում։ Կարևորն այն է, որ այս խնդրում մենք ոչ թե իրար դեմ ենք աշխատում, այլ քայլեր ենք ձեռնարկում միևնույն նպատակին հասնելու ուղղությամբ», - հայտարարում էր Մերկելը՝ ըստ ամենայնի ակնարկելով հույն-թուրքական կոնֆլիկտում Բեռլինի և Փարիզի դիրքորոշումներում առկա որոշակի տարբերությունները:

Այն պահից սկսած, երբ Թուրքիան Միջերկրական ծովի գազով հարուստ վիճելի հատվածը իր ծովային տարածք հռչակեց և սկսեց այստեղ միակողմանի երկրաբանական հետախուզության իրականացնել, Ֆրանսիան իր միանշանակ աջակցությունը հայտնեց Հունաստանին։ Փարիզը չսահմանափակվեց զուտ դիվանագիտական աջակցությամբ, և օգոստոսի սկզբին ֆրանսիական նավատորմը իր ռազմանավերից մեկն ուղարկեց Միջերկրականի արևելյան հատված՝ Հունաստանի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Միջերկրական ծովում Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը կարող է Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառման հանգեցնել։

Գերմանիայի դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ անհամեմատ ավելի մեղմ է։ Պաշտոնական Բեռլինն առայժմ սահմանափակվում է երկխոսության կոչերով և Անկարային ուղղված համեմատաբար մեղմ քննադատությամբ։

Երեկ, օրինակ, Գերմանիայի կառավարության խոսնակը պարզապես ափսոսանք հայտնեց, որ Անկարան սեյսմիկ հետախուզություն իրականացնող թուրքական Oruc Reis նավի առաքելությունը Միջերկրականում երկարաձգել է մինչև օգոստոսի 27-ը, ինչը Աթենքում որպես անթաքույց սադրանք են ընկալել։ Թուրքիայի այս քայլին ի պատասխան՝ Հունաստանը երեկ հայտարարեց Միջերկրականի նույն այդ հատվածում ռազմածովային և օդային զորավարժությունների մեկնարկի մասին։ Հունական «Սքայ» հեռուստաընկերության տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում հունական ռազմանավերն ու օդանավերը պատրաստվում են իրական սպառազինություն օգտագործել։

Հունական եռօրյա զորավարժությունները, ի դեպ, կմեկնարկեն այն նույն ժամերին, երբ Անկարայում վայրէջք կկատարի Գերմանիայի արտգործնախարարի օդանավը։

XS
SM
MD
LG