Մատչելիության հղումներ

«Հայաստանը հիմա էլ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելով չափն անցնում է». Թուրքիայի ԱԳՆ


Թուրքիայի ԱԳՆ շենքն Անկարայում, արխիվ

Պաշտոնական Երևանն ու Անկարան շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին տարածաշրջանային հարցերի շուրջ։ Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Հայաստանի արտաքին գերատեսչության՝ Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ շաբաթ օրը տարածած հայտարարությանը, զգուշացրել է, թե Հայաստանը չափն անցնում է` իր աշխարհագրությունից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու հավակնություն ցուցաբերելով:

Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե «Հայաստանը կարծես իր աշխարհագրական դիրքի մասին թյուր պատկերացում ունի. խոսքը ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի մասին է»: Հիշեցնելով Սևրի պայմանագրի 100-ամյակի վերաբերյալ պաշտոնական Երևանից հնչած վերջին հայտարարությունը՝ Աքսոյը ընդգծել է, որ «Հայաստանը հիմա էլ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելով չափն անցնում է և անպատասխանատու կեցվածք է դրսևորում»:

«ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո դեպի ծով ելք չունեցող Հայաստանն է իրեն իրավունք վերապահում տարածաշրջանում խոսք ասելու: Սա ցույց է տալիս, թե Թուրքիայի դեմ ձևավորվող նենգ դաշինքը ինչ մասշտաբներ ունի», - ասել է Աքսոյը։

Նա շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրականում, և ոչ մի դաշինք ի զորու չէ խանգարել դրան: Նրա համոզմամբ, «հակառակ կարծիք ունեցողները պատմությունից դասեր չեն քաղել»։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակն առիթը բաց չի թողել հերթական անգամ հիշեցնելու՝ «մեր ողջ կարողությամբ կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»:

Շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե ուշադիր հետևում են Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ թուրքական նավերը Հունաստանի հետ վիճելի Միջերկրական ծովի ջրերում սեյսմիկ հետազոտություններ սկսեցին:

«Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը: Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները», - ասված էր Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG