Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն շրջում է «Կալաշնիկովը» ձեռքում


Ինքնաձիգով զինված Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահի առանձնատան տարածքում, Մինսկ, 23 օգոստոսի, 2020թ.

«Հեռացի՛ր, հոգնե՛լ ենք»

Ավելի քան 100 հազար ցուցարարներ երեկ անտեսել են իշխանությունների և բանակի հրամանատարների հնչեցրած սպառնալիքներն ու մայրաքաղաք Մինսկում անցկացրել են լայնածավալ ակցիա, որն անվանում են «Երթ հանուն Նոր Բելառուսի»:

Երեկ հազարավոր քաղաքացիներ Մինսկի կենտրոնական հրապարակներում և փողոցներում վանկարկել են «Հեռացի՛ր, քեզնից հոգնե՛լ ենք»:

Օգոստոսի 9-ի ընտրություններից հետո 15 օր շարունակ ցույցեր են: Ընդդիմությունը չի ընդունում պաշտոնական տվյալները, որոնց համաձայն «Եվրոպայի վերջին դիկտատորի» համբավն ունեցող Ալեքսանդր Լուկաշենկոն իբրև թե ստացել է քվեների 80 տոկոսից ավելին և վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել:

Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ընտրական պայքարի մեջ է ներքաշվել բանտարկված ամուսնու՝ ըննդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկու փոխարեն, ըստ ԿԸՀ-ի ստացել է քվեների մոտ 10-ը տոկոսը: Նա ընտրություններից հետո տեղափոխվել է հարևան Լիտվա:

Տիխանովսկայայի նախաձեռնությաքմբ ստեղծվել է համակարգող խորհուրդ, որի նպատակն է Լուկաշենկոյի ռեժիմի դեմ ոչ բռնի պայքարը:

Հետընտրական բախումներում Բելառուսի ոստիկանները դաժան և կոշտ գործողությունների են դիմել, հազարավոր մարդիկ ձերբակալվել են, բանտերում կտտանքների են ենթարկվել, կան հարյուրավոր վիրավորներ, զոհվել է ռեժիմի դեմ պայքարող առնվազն երեք մարդ:

«Երթ հանուն նոր Բելառուսի» շարժումը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ, որոնց կմասնակցեն բոլոր թեկնածուները, այդ թվում այսօր բանտերում գտնվող կամ ստիպված արտասահման մեկնած քաղաքական գործիչները:

«Տպավորված եմ, հասկացա, թե ինչու նա ունի աջակիցներ»

Տիխանովսկայան այսօր Վիլնյուսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգընի հետ: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել է, թե շատ տպավորված է և այդ հանդիպումից հետո հասկանում է, թե ինչու Տիխանովսկայան ունի այդքան մեծ թվով աքջակիցներ:

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Բելառուսի ժողովրդին արդարության ձգտելու և ազատ ընտրություններ անցկացնելու հարցում:

«Բելառուսի ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Բելառուսի իշխանությունները պետք է ազատեն կալանավորներին և հարգեն մարդու իրավուքները», - ասել է Բիգընը և ավելացրել, թե ԱՄՆ-ը նախագահ Լուկաշենկոյին կոչ է անում ընդունել ընդդիմության հետ բանակցելու ԵԱՀԿ-ի առաջարկը:

Խոսելով աշխարհքաղաքական զարգացումների մասին, Սթիվենն Բիգընը նշել է, թե առնվազն այս պահին չկան նշաններ, որոնք կվկայեն Բելառուսում ռազմական ներխուժում կատարելու Մոսկվայի մտադրության մասին:

Հետապնդում են համակարգող խորհրդի անդամներին

Երեկ տեղի ունեցած ակցիայի ընթացքում, ի տարբերություն նախորդ օրերի, ոստիկանների հետ բախումներ և ձերբակալություններ չեն եղել, սակայն արդեն այսօր իրավապահները Մինսկի տրակտորների գործարանում ձերբակալել են համակարգող խորհրդի երկու անդամների՝ Տիխանովսկայայի ավագ խորհրդական Օլգա Կովալկովային և գործադուլների կազմակերպիչ Սերգեյ Դիլեյսկուն:

Խորհրդի անդամ, փաստաբան Լիլիա Վլասովային էլ հարցաքննության են կանչել Բելառուսի Քննչական կոմիտե:

Լուկաշենկոն պնդում է, որ ընդդիմության գործողությունները համակարգվում են արտասահմանից, մասնավորապես Վարշավայից և Վիլնյուսից: Ավելի վաղ նա հիշատակել է նաև Պրահան:

«Չլինի էդ Լուկաշենկոն, ովքե՞ր կլինեն արևմտյան սահմանի զորքի հրամանատարները»

Մինսկը նկատել է տալիս, թե այդ նախկին սոցիալիստական երկրներն էլ համապատասխան հրահանգներ են ստանում Գերմանիայից, Ամերիկայից և Արևմուտքի մյուս ծանրքաշայիններից:

Ասելով, թե ՆԱՏՕ-ն երազում է Բելառուսը զավթելու մասին՝ Լուկաշենկոն Լեհաստանի և Լիտվայի սահմանների մոտ զորախաղեր է սկսել, նրա հրամանով բանակը բերվել է մարտական պատրաստության վիճակի:

«Խոսքը Լուկաշենկոյի մասին չէ, ես արդեն կուշտ եմ նախագահության հացից, բայց մի րոպե պատկերացրեք, թե չկա էդ Լուկաշենկոն՝ ովքե՞ր կլինեն հրամանատարներն արևմտյան սահմանին», - անցած շաբաթ օրը Գրոդնոյում ասել է նախագահը:

ՆԱՏՕ-ն կտրականապես հերքում է Լուկաշենկոյի հնչեցրած մեղադրանքը:

«Հոգնել եմ այս մամուլի և այս նախագահի ստերից»

Ցուցարարներին վրդովեցնում են ընդդիմության գործողությունները դրսից ղեկավարելու մասին պաշտոնական Մինսկի հայտարարությունները:

«Ես այստեղ եմ, որովհետև հոգնել եմ մամուլի և նախագահի անվերջ ստերից, որովհետև ուզում եմ ապրել որպես ազատ, արժանապատիվ քաղաքացի», - Մինսկում ասել է եկել երեկվա բազմահազարանոց երթի մասնակիցներից մի կին:

Լուկաշենկոն կտրականապես մերժում է նոր ընտրությունների գաղափարը և ասում է, թե դրա իրագործումը կքայքայի երկիրը:

Երեկ նա շրջել է Կալաշնիկովի ինքնաձիգը ձեռքում, հանդիպելով զինծառայողներին, ասել է. - «Տղերք, դուք հրա՛շք եք, մենք միասին նրանց ջարդը կտանք»:

Մի ավտոմատ էլ նա 15-ամյա անչափահաս որդուն՝ Միխայիլին է տվել, ինչը թե՛ հեգնական, թե՛ քննադատական գնահատականների առիթ է դարձել:

«Կարգուկանոնը խախտեք՝ գործ կունենաք ոչ թե միլիցիայի, այլ բանակի հետ»

Բանակը սպառնում է հարված տալ նրանց, ովքեր կհամարձակվեն բողոքի ակցիաներ անցկացնել պատերազմի հերոսների հուշարձանների մոտ:

«Մենք չենք կարող հանդուրժել, որ բելառուսներին, ռուսներին ու հրեաներին սպանողների դրոշների տակ այս սրբավայրերում ակցիաներ անցկացնեն, նախազգուշացնում եմ՝ եթե փորձեք այս տեղերում կարգուկանոն խախտել, գործ կունենաք ոչ թե միլիացիայի, այլ բանակի հետ», - հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը:

Արևմուտքը չի ընդունում Լուկաշենկոյի հաղթանակը, մինչդեռ Ռուսաստանը սատարում է նախագահին, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը միշտ ընդգծում է, թե չունի հակառուսական օրակարգ:

Ըստ հենց ռուսաստանցի վերլուծաբանների, իմպուլսիվ, անկանխատեսելի և որպես պարտնյոր հաճախ ոչ հուսալի Լուկաշենկոն Մոսկվայի տեսակետից, հավանաբար, չարյաց փոքրագույն է:

Բացի այդ, ռուսների օգնությամբ պահելով իշխանությունը՝ Լուկաշենկոն ստիպված կլինի երկկողմ հարաբերություններում ամբողջությամբ հնազանդվել Կրեմլին:

«Արևմուտքը և ընդդիմությունը վենեսուելական սցենար են ծրագրում»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Արևմուտքում գտնվող բելառուս ընդդիմադիրները ցանկանում են, որ անդորրի փոխարեն երկրում արյունահեղություն լինի:

Լավրովի համոզմամբ, ընդդիմությունը և Արևմուտքը փորձում են Բելառուսի զարգացումներն ուղղել վենեսուելական սցենարով, հաղթող են համարում ընդդիմության թեկնածուին և պատրաստ են բանակցել միայն իշխանափոխության շուրջ:

Ըստ Լավրովի, Բելառուսի ընդդիմությունը սխալ է գործում՝ անտեսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկելու Լուկաշենկոյի առաջարկը:

Եվրոպան համերաշխություն է հայտնում Բելառուսին

Եվրոպական մայրաքաղաքներում բելառուսների հետ համերաշխության ակցիաներ են:

Չեխիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում մարդիկ պահանջում են վերջ տալ բռնություններին Բելառուսում և անցկացնել ազնիվ ընտրություններ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG