Մատչելիության հղումներ

Բելառուսում պատրաստվում են բողոքի երթի. Տիխանովսկայայի համոզմամբ` զինծառայողները չեն ցրի ցույցը


Ցույց Բելառուսում, 22 օգոստոսի, 2020թ.
Ցույց Բելառուսում, 22 օգոստոսի, 2020թ.

Բելառուսական ընդդիմության աջակիցներն այսօր պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել մայրաքաղաք Մինսկում, որը կարող է դառնալ ամենամարդաշատը Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով ցույցերի մեկնարկից ի վեր:

Կազմակերպիչներն առաջարկում են երթին միանալ նաև մեքենաներով, երկրի այլ շրջանների բնակիչներին հորդորում զուգահեռաբար հավաքներ անցկացնել իրենց բնակավայրերում։ Վեցերերոդ անգամ Բելառուսի նախագահի պաշտոնը ստանձնած Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականից բացի, ցուցարարները պահանջում են նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և քրեական պատասխանատվություն խաղաղ ցուցարարների նկատմամբ խոշտանգումների ու սպանությունների մեղավորներին:

«Բելառուսական զինծառայողները չեն ցրի խաղաղ ցուցարարներին, եթե նույնիսկ նրանց հրամայեն դիմել այդ քայլին»,- երթի նախաշեմին BNS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում համոզմունք է հայտնել նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան` հավելելով. - «Դա կլինի հանցագործություն, չէ՞ որ նրանք նույնպես Բելառուսի քաղաքացիներ են, բելառուսները չեն կարող ծեծել բելառուսներին: Ես ավելի քան վստահ եմ, որ և՛ բանակի, և՛ ոստիկանության մեծ մասը դա գիտակցում է»։

Մեկնաբանելով Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը՝ բանակը լիակատար մարտական պատրաստվածության բերելու մասին, Տիխանովսկայան ասել է․ - «Մեր ժողովուրդն արդեն սովոր է նման քայլերի: Դա մարդկանց վախեցնելու սովորական ձև է: Բայց բելառուսները այլևս չեն վախենում, նրանք պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները։ Նախագահին ոչ ոք այլևս չի հավատում»:

XS
SM
MD
LG