Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն երրորդ անգամ երկարաձգում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանքը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նրա փաստաբան Արթուր Պիվազյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը եզրահանգել է, որ ազատության մեջ Նարեկ Սարգսյանը կխոչընդոտի գործի քննությանը, ինչպես նաև կթաքնվի քննությունից:
Հայաստանի երրորդ նախագահի եղբորորդու կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:
Պաշտպանական կողմը համարում է, որ հիմնավորված չէ դատարանի որոշումը՝ կալանքի տակ թողնել անցած դեկտեմբերին Չեխիայից Հայաստան արտահանձնված Նարեկ Սարգսյանին։ Արթուր Պիվազյանը Եվրոպական դատարանի վճիռներն է մատնանշում՝ պնդելով, որ այս դեպքում այդ հիմքերը պետք է կրկին վերստուգվեն։
33-ամյա Նարեկ Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար։ Ըստ իրավապահների՝ նա նաև Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով՝ նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար դոլար արժողությամբ 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները՝ հրաժարվել է վերադարձնել նկարները։
Մանրամասները տե՛ս այստեղ