Մատչելիության հղումներ

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Նարեկ Սարգսյանի կալանքը


Նարեկ Սարգսյան, արխիվ

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն երրորդ անգամ է բավարարում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։

Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանը դատարանի որոշումն անհիմն է համարում, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ պատրաստվում են այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

«Դատարանը դատական ակտում ընդհանրապես մեր պարզաբանումներին չի անդրադարձել, մեր առարկություններին չի անդրադարձել: Տպավորություն է դատական ակտից, որ մենք նույնիսկ նիստին էլ, դատական նիստին էլ ներկա չենք եղել: Մեր առարկությունների վերաբերյալ դատական ակտում ոչ մի բան չկա գրված», - նշեց Պիվազյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանը կրկին եզրահանգել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար մեղադրվող 33-ամյա Նարեկ Սարգսյանը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նաև թաքնվել քննությունից:

Արթուր Պիվազյանը Եվրոպական դատարանի վճիռներն է մատնանշում՝ պնդելով, որ այս դեպքում իր պաշտպանյալին կալանքի տակ թողնելու հիմքերը պետք է կրկին վերստուգվեն։

«Բազմաթիվ Եվրոպական դատարանի նախադեպեր էլ կան, որ կալանավորման ժամկետի երկարացումների ընթացքում այդ հիմքերը պետք է ոչ միայն վերստուգման ենթարկվեն, այլ նաև նախորդ անգամ, երբ որ, օրինակ, ասենք, կալանավորում է տրվել կամ ժամկետը երկարացվել է կալանավորման, դրանք այս անգամ արդեն բավարար չեն կարող լինել: Սակայն վարույթն իրականացնող մարմինը մշտապես նույն հիմքերն է բերում, դատարանը մշտապես այդ նույն հիմքերը արտատպում է իր դատական ակտում», - ասաց փաստաբանը:

Պիվազյանի խոսքով՝ Նարեկ Սարգսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և մասնավոր բժշկական կենտրոնում բուժման կարիք: «Իզմիրլյան»-ում հետազոտություններ անցնելու միջնորդությունը բավարարվել էր, սակայն հիմա էլ միջնորդել են այլ հիվանդանոց տեղափոխելու համար. - «Մենք միջնորդել ենք, որպեսզի վերջինիս տեղափոխեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ որոշակի վնասվածքային հարցեր լուծելու հետ կապված, սակայն այս պահին Նարեկ Սարգսյանը գտնում է, որ դա առաջնային չի, առաջնային են ավելի շատ այն մյուս առողջական խնդիրները: Դրա հետ կապված էլ դիմել ենք, որպեսզի տեղափոխվի «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ավելի մանրազնին հետազոտություններ անցնելու»:

2018-ին քրեական գործ հարուցվելուց հետո Նարեկ Սարգսյանը հեռացել էր Հայաստանից, նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: Ամիսներ անց Սարգսյանը հայտնաբերվեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ու ձերբակալվեց: Ոստիկանությունից հայտնել էին՝ Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով: Ձերբակալությունից ուղիղ մեկ տարի անց Չեխիան բավարարեց նախկին նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը:

Ըստ քրեական գործի՝ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 20-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել էր Մոսկվա՝ այնտեղից էլ որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ Հայաստանը լքելը իր թիկնապահի միջոցով ոմն Սերոբ Սահակյանին էր փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին իր թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել էր իր բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: Այդ ճամպրուկներում, ըստ Ազգային անվտանգության ծառայության, հայտնաբերվել էին թմրամիջոցներ, չորս ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով, և այլ իրեր:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ քրեական գործի շրջանակում մի շարք առերեսումներ են տեղի ունեցել, սակայն Սարգսյանը դեռ հրաժարվում է ցուցմունք տալ:

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում էր ստացել նաև այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները 2018 թվականի հուլիսի 4-ին խուզարկություն էին կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերել են նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակում:

XS
SM
MD
LG