Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան


Արտապատկերում Ոստիկանության տեսանյութից
Արտապատկերում Ոստիկանության տեսանյութից

Այսօր Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան է տեղափոխվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:

2018 թվականի հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Անցած տարվա հուլիսի սկզբին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, շաբաթներ անց՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, 2018-ի դեկտեմբերին Պրահայում հայտնաբերել էին նախկին նախագահի եղբորորդուն: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Պրահայում ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Չեխիան բավարարել է նրան Հայաստանին հանձնելու միջնորդությունը:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ստորև՝ Ոստիկանության տեսանյութը․

XS
SM
MD
LG