Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել


Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդիներից Նարեկ Սարգսյանը հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և վերջիններիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, օպերատիվ տեղեկատվություն ունենալով Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանում թաքցված թմրանյութի և զենքերի վերաբերյալ, ԱԱԾ աշխատակիցները օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

«ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն է», - ասված է հաղորդագրությունում: - «Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր»:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն, վերոհիշյալ ճամպրուկներում հայտնաբերվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

«Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները», - ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

«Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում», - ասված է ԱԱԾ հաղորդգարություում:

Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG