Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին


Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նիստը։ 15-ը օգոստոսի, 2020
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նիստը։ 15-ը օգոստոսի, 2020

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները կողմ են Սահմանադրության 89-րդ հոդվածի խորհրդարանական մեծամասնությանը վերաբերող դրույթի վերացմանը: Իսկ քննարկվող մյուս հարցերի վերաբերյալ դեռ կարծիքներ հայտնել չեն շտապում:

Ինչ վերաբերում է նախագահի լիազորությունների ընդլայմանը և ընտրության կարգի փոփոխությանը, հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանն ասաց. – «Եթե ուզում են խորհրդարանական կառավարման արդյունավետ համակարգ ունենալ, ապա պետք է էստեղ նախագահի դերը ևս ընդգծված լինի, և գործադիր իշխանության որոշակի գործառույթներ կենտրոնան նաև նախագահի ձեռքում: Բայց եթե չենք ուզում, որ խորհրդարանական կառավարման համակարգը դասական իմաստով արտացոլվի Հայաստանում, էստեղ արդեն, ենթադրում եմ, այլ տրամաբանություն պետք է լինի: Դրա համար միայն նախագահի ինստիտուտը առանձին դիտարկելը, կարծում եմ, սխալ է: Դա պետք է դիտարկվի Ազգային ժողով – Կառավարություն փոխզսպումների, ներդաշնակ աշխատանքը կազմակերպելու տրամաբանության ներքո»:

Օգոստոսի 7-ին հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը ևս խոսել էր նախագահի լիազորությունների վերանայման մասին` որպես օրինակ նշելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու հարցը: Վերջին երկու տարիներին նախագահի կողմից առաջադրված թեկնածուներին այս կամ այն պատճառով մերժել են թե' նախկին, թե' ներկա խորհրդարանները:

«Ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն», – նկատել էր Արմեն Սարգսյանը և կարծիք հայտնել, որ նախագահը պետք է իրավունք ունենա անձամբ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորին:

Նախագահը շեշտել էր նաև, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի հնարավորինս շուտ, նույնիսկ` մինչև այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձևակերպվելը:

Հանձնաժողովի նախագահը սակայն մինչև նախնական հայեցակարգի պատրաստ լինելը հակված չէ փակագծեր բացել: Եղիշե Կիրակոսյանը քննարկվող փոփոխությունների մասին այսօր էլ «Ազատությանը» մեկնաբանություն չտվեց:

Քննարկվող հարցերի բովանդակության մասին տեղեկացանք հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանից. – «Ընդլայնվում, քննարկվում է անձեռնմխելիության ինստիտուտը` ով և ինչպիսի անձեռնմխելիություն պետք է ունենա: Քննարկվում է ընտրակարգի հարցը: Ըստ էության, ոնց որ թե բոլորս համակարծիք ենք, որ գնում ենք դեպի սովորական համամասնական ընտրակարգը»:

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման առաջարկը սահմանադրական ճգնաժամի կոնտեքստում հնչեցրել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Տարոն Սիմոնյանի խոսքով, շատ կարևոր է, որ այսօր քննարկվող այս փոփոխությունն իրականացվի ինստիտուցիոնալ և ոչ թե անձերի փոփոխության համատեքստում:

Սիմոնյանը վերապահումներ ունի ընտրություններին մասնակցության տարիքայի շեմը իջեցնելու առաջարկի կապակցությամբ. – «Մենք դեռևս հասարակության քաղաքական հասունացման խնդիր ունենք, և առանց էդ հարցը լուծելու, մի հատ էլ 16 տարեկաններին տալ ընտրական ձայնի իրավունք, կարծում եմ, սա ժամանակավրեպ է: Մենք ներկայացրել ենք մեր առաջարկները: Հիմնականում դա Ազգային ժողով - Կառավարություն նորմալ և դասական առումով փոխզսպումների և համագործակցության համակարգի ներդրումը պետք է լինի, որը, կարծում եմ, որոշակի մասով հանձնաժողովը ընդունում է, իսկ մյուս մասով դեռևս քննարկումներ գնում են»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը մասնակցել է հանձնաժողովի միայն առաջին նիստին: Հնչեցրել է Սահմանադրության մեջ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ամրագրելու առաջարկը և հիմա սպասում է փաստաթղթի հրապարակմանը: Եթե առաջարկը տեղ գտնի, կմասնակցի հետագա նիստերին, իսկ հակառակ դեպքում գործընթացի մասնակից լինել չի ցանկանում:

Քննարկվող մյուս հարցերից Պետրոսյանը տեղյակ չէ և գնահատական տալ չի ցանկանում. – «Հիմա եթե սա էլ չանեն, ես ընդհանրապես չեմ մասնակցի: Որովհետև մեր համար սա գերակայություն է` հավատ, բանակ, և ընտանեկան ավանդական արժեհամակարգ: Խնդրեմ, ես կարող եմ իմ տեղի զիջել «Բարգավաճ Հայաստանից» մեկ այլ ներկայացուցչի, ով որ կարող է էդ պայմաններում աշխատել: Ես նման պայմաններում, ձևական գործընթացի պայմաններում ես չեմ կարող աշխատել: Եթե ինձ հեռացնելով իրանք ավելի որակյալ Սահմանադրություն կունենան, ես պատրաստ եմ ինքնակամ հեռանալ»:

Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ, և նիստերից պարբերական բացակայությունը կարող է հեռացման պատճառ դառնալ: Հանձնաժողովում արդեն հնչել է Գևորգ Պետրոսյանի և բացակայող այլ անդամների հեռացման հարցը քննարկման դնելու առաջարկ:

«Ոչ թե ինչ-որ հատուկ բոյկոտում եմ, պարզապես տարբեր պատճառներով չեմ ներկայանում: Բայց ամենահիմնական պատճառը էն ա, որ ես լուրջ չեմ վերաբերվում էդ գործընթացին: Որովհետև սեպտեմբերի 1-ի դրությամբ պետք ա հայեցակարգ պարտաստ լիներ և հանձնվեր հանրության դատին: Ո՞ւր ա էդ հայեցակարգը: Երկրորդ, ես խստորեն կասկածում եմ, թե իսկապես մեր երկրի իշխանությունը շահագրգռված է Սահմանադրություն փոխելու հարցում, որովհետև կարծես թե ամենաբարձր մակարդակում արդեն իսկ լավ տեղավորվել են գործող Սահմանադրության շրջանակներում, իսկ ես երբեք ձևական գործընթացներին չեմ մասնակցում», - նշեց Պետրոսյանը:

Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, որին հաջորդող քննարկումներից հետո մինչև տարեվերջ պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը: Իսկ նախագիծը հանրաքվեի դնել հնարավոր կլինի ամենայն հավանականությամբ 2021-ի ամռանը:

XS
SM
MD
LG