Մատչելիության հղումներ

Մշակվող սահմանադրական գլխավոր փոփոխություններից «կլինի կայուն մեծամասնության մասին դրույթի վերացումը»


Կառավարող ուժն ակնկալում է, որ 2021 թվականին արդեն Հայաստանում տեղի կունենա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ «Գործընթացը մեկնարկած է, հույս ունենք` նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում», - հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս տարվա սկզբին ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ակտիվ աշխատում է փոփոխություննների հայեցակարգի ստեղծման ուղղությամբ, հայտնում են հանձնաժողովի տարբեր անդամներ։


«Սա սկզբունքային նշանակության հարց է, հանձնաժողովում մեծամասնություն են կազմում այն մասնագետներն ու այն անդամները, ովքեր դեմ են դուրս եկել սահմանադրական մեծամասնության գաղափարին, և որն այսօրվա Սահմանադրությունում ներդրված էր, և որը գերկենտրոնացված համակարգ էր ենթադրում», - ասաց հանձնաժողովում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ, պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով` մի քանի ամիսների քննարկումների արդյունքում կա համաձայնություն մի հարցում՝ երկրի կառավարման մոդելի փոփոխություն 2015-ից հետո կրկին չի արվելու, այլ բարելավվելու են պառլամենտական համակարգի գործիքները. - «Արդյունքում 15 թվականի սահմանադրական փոփոխություններով մենք հռչակեցինք պառլամենտական հանրապետություն կառավարման համակարգի, բայց գործիքներ չտվեցինք պառլամենտին, այսինքն` արտաքուստ ստեղծվեց պառլամենտական կառավարման համակարգ, բայց որևէ գործիք չտրվեց ընդդիմությանը կամ պառլամենտի որևէ խմբակցությանը, որ կարողանա փոխզսպումների մեխանիզմը ճիշտ ռեալիզացնել: 15 թվականին ճիշտ է` հռչակվեց պառլամենտական հանրապետություն, բայց գերվարչապետական համակարգ ձևավորվեց»:


Հանձնաժողովին որպես քաղհասարկության ներկայացուցիչ անդամակցած Դանիել Իոաննիսյանը ևս հայտնում է, որ այս պահին կարելի է ասել` հանձնաժողովի ներսում կա համաձայնություն այն հարցում, որ խորհրդարանում ամենամեծ թվով քվեներ ստացած ուժի՝ կայուն մեծամասնություն ունենալու մասին դրույթը պետք է վերացվի։ Խոսքը Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի այն կարգավորումների մասին է, որոնց շնորհիվ ընտրություններում առաջին տեղում հայտնված ուժի Ազգային ժողովում պատգամավորական մանդատներն այնքան են ավելացվում, մինչև այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն. - «Մենք պետք է խորհրդարանական համակարգին իմաստ տանք, որպեսզի դրա սահմանադրական և անուհետև նաև օրենսդրական կարգավորումներն իրապես խորհրդարանական լինեն և ոչ թե ինչ-որ սուպերվարչապետական: Արդեն եկել ենք այն եզրահանգման, որ այդ դրույթը պետք է հանվի, բայց այդ դրույթը հանվելուց հետո գալիս են որոշակի հարցեր` կապված կառավարության ձևավորման, մեխանիզմների հետ, որոնք տարբեր երկրներում տարբեր կերպ են, որոնց մենք դեռ չենք անդրադարձել, բայց այդ կոնցեպտուալ որոշումը կա` կայուն մեծամասնությունից հրաժարվում ենք»:


Հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը վստահ է, որ նոր Սահմանադրության նախագիծը գրվում է քաղաքական շահեր սպասարկելու համար, այնուամենայնիվ կարծում է, որ սահմանադրական փոփոխություններ անելու գլխավոր պատճառներից մեկը պետք է լինի ընտրություններում հաղթած ուժին չափազանց մեծ լիազորություններից զրկելը. - «Սուպերվարչապետության ինստիտուտի, Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ դառնալը ամենաաղմկոտն ինքն էր գոռում, որ պետք է սուպերվարչապետության համակարգը վերացնել, ոստիկանություն, Ազգային անվտանգությունը պետք է տանել վարչապետի անմիջական ենթակայությունից, բա հիմա խի՞ չի այդ ամեն ինչն անում: Շատ հարցեր կան, իմ անձնական կարծիքն է, որ բացարձակ մեծամասնություն խորհրդարանը չպիտի ունենա»:

Այնուամենայնիվ, Պետրոսյանը վերջին շրջանում նիստերին պարզապես չի մասնակցել, դրանք փաստացի բոյկոտում է, քանի որ, ըստ նրա, վարչապետը և «Իմ քայլը» պարբերաբար անարգում են Սահմանադրությունը. - «Այսօր եթե Սահմանադրական դատարանը կարող են սեփականաշնորհել, այդտեղ ուրեմն Սահմանադրության մասին խոսելն ավելորդ է, և հանրապետության նախագահը չարձագանքի այդ երևույթին, ես անիմաստ եմ համարում մասնակցել, ձևական բան է: Տեքստը կլինի, ես` որպես մասնագետ կնայեմ, իմ կարծիքը կհայտնեմ»:

Կառավարման մոդելին վերաբերող հարցերից բացի հանձնաժողովը քննարկում է նաև տասնյակ այլ բարեփոխումների հնարավորություններ:

«Սկսած սահմանադրական կարգից, մարդու իրավունքներից, վերջացրած ուղից ժողովրդավարության գործիքներով և դատական, իհարկե, բլոկով: Օրինակ` շատ իրավաբան-գիտնականներ հիմնականում կենտրոնացած են դատական իշխանության և այդ թվում սահմանադրական արդարադատության իրականացման վրա: Մասնավորապես, օրինակ` գաղտնիք չի, որ մենք քննարկում ենք սահմանադրական արդարադատության իրականացման մոդելը փոխելու և Գերագույն դատարան ստեղծելու ճանապարհը», - հայտնեց Իոաննիսյանը:

«Մենք սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ նաև աշխատում ենք դատական իշխանության գլխի վրա, որպեսզի մենք կարողանանք այնպիսի սահմանադրական երաշխիքներ սահմանել դատավորների անկախության համար, որ իշխանության որևէ այլ ճյուղ` լինի դա գործադիր իշխանություն կամ Ազգային ժողովը` որպես օրնսդիր իշխանություն, չհամարձակվի միջամտել դատական իշխանության գործառույթների իրականացման գործում և դատավորների անկախության վրա որևէ ոտնձգություն չկատարվի», - հավելեց Տարոն Սիմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG