Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշել է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, հրաժարվել կայուն մեծամասնության հոդվածից


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովում որոշել են պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, սակայն հրաժարվել կայուն մեծամասնության հոդվածից։ Այսօր հանձնաժողովի հերթական նիստից հետո այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց հանձնաժողովին որպես քաղհասարակության ներկայացուցիչ անդամակցած Դանիել Իոաննիսյանը:

Խոսքը Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի այն կարգավորումների մասին է, որոնց շնորհիվ ընտրություններում առաջին տեղում հայտնված ուժի մանդատներն այնքան են ավելացվում, մինչև այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն։ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ընդունված այս փոփոխության քննադատներին նախկին իշխանությունները հակադարձում էին այսպես` պատերազմող երկիրը չի կարող գնալ ցնցումների ճանապարհով:

«Իշխանությունը փորձում էր ժողովրդավարության դեֆիցիտը ներկայացնել որպես կայունություն, այնինչ մենք վստահ ենք, որ ժողովրդավարությունն է կայուն, Իսրայելից ավելի պատերազմող երկիր չլինենք, Իսրայելում նման մեխանիզմ չկա: Որևիցե խորհրդարանական երկրում նման մեխանիզմ չկա, բացառությամբ Սան Մարինոյի, և մի պահ եղել է Հունաստանում, հետո հույները դրանից հրաժարվել են: Ընդլայնվում, քննարկվում է անձեռնմխելիության ինստիտուտը` ով և ինչպիսի անձեռնմխելիություն պետք է ունենա, քննարկվում է ընտրակարգի հարցը, ըստ էության ոնց որ թե բոլորս համակարծիք ենք, որ գնում ենք դեպի սովորական համամասնական ընտրակարգ և այլն: Այսինքն` բազմաթիվ հարցեր կան, որ քննարկվում են: Ընտրական տարիքի հարցն է քննարկվում, ասենք քանի տարեկանից սկսած Հայաստանի քաղաքացիները պետք է քվեարկելու իրավունք ստանան: Հիմա 18 է, բայց միգուցե 16-ը կամ 17-ն է ավելի ճիշտը», - ներկայացրեց Իոաննիսյանը:

Հանձնաժողովում քննարկման առարկա են նաև հանրապետության նախագահի լիազորությունների ավելացման, ինչպես նաև նախագահի ընտրությունը համապետական քվեարկությամբ իրականացնելու հացերը։ Գործող Սահմանադրությամբ հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը 3/4 ձայներով. - «Օրենքների խորհրդարան հետ ուղարկման մեխանիզմն է քննարկվում, այսինքն` նախագահը ասի` չէ, այստեղ համասահմանադրական բան չկա, Սահմանադրական դատարան չեմ ուղարկում, բայց հետ եմ ուղարկում Ազգային ժողով, հարգելի Ազգային ժողով, ես սրա հետ համաձայն չեմ, մի հատ նորից քննարկեք, օրինակ: Այս առումով շատ կարևոր է, որ նախագահն ինքն Ազգային ժողովից անկախ իրեն զգա, Ազգային ժողովն իրեն չընտրի, և եթե Ազգային ժողովն է իրեն ընտրում, Ազգային ժողովը մոտիվացված է ընտրել մեկին, որը չի վերահսկի Ազգային ժողովին: Ոչ մեկս չենք կարող ընտրել մեկին, որը մեզ կվերահսկի, և դրա համար է նաև շատ անհրաժեշտ, որպեսզի համաժողովրդական քվեարկությամբ ինքը ընտրվի: Խոսքը չի գնում կիսանախագահական համակարգին վերադառնալու մասին, որովհետև կիսանախագահական համակարգը խորհրդարանակից հիմնական տարբերությունն այն է, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը: Այն մոդելում, որին մենք ենք գնում, գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է լինելու, և այս առումով նախագահի լիազորությունները կամ ընտրությունը ոնց էլ փոխվի, միևնույնն է` դա խորհրդարանական մոդել է լինում: Բայց ես համարում եմ, որ նախագահի լիազորությունների և անկախության մեծացմամբ պետությունը միայն կշահի, և իշխանության բալասն ավելի լավը կլինի»:

Փոփոխություններ են նախատեսվում նաև դատական համակարգում, մասնավորպես քննարկվում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման և պայմանականորեն ասած` մեկ գերագույն դատարան ունենալու հարցը։ Իոաննիսյանը հույս է հայտնում, որ այս փոփոխությունների արդյունքում սահմանադրական արդարադատությունը քաղաքացիներին ավելի հասանելի կդառնա. - «Կունենա 3 պալատ` վարչական, քրեական, քաղաքացիական, և ինքը կլինի համ երրորդ աստիճանը, համ սահմանադրական արդարադատություն իրականացնող ատյանը, բայց այստեղ շատ կարևոր մի նրբություն կա, որ այդ մոդելի դեպքում սովորական դատարանները ևս իրավունք են ստանում գնահատել օրենքների սահմանադրականությունը: Այժմ սովորական դատարանները նման իրավունք չունեն, և եթե քաղաքացին համարում է, որ նկատմամբ հակասահմանադրական նորմ է կիրառվել, ինքը պետք է 3 աստիճան դատարաններով անցնի, Վճռաբեկից էլ մերժվի, նոր գնա Սահմանադրական դատարան և վիճարկի այն նորմը, որ իր նկատմամբ կիրառվել է, այդ նորմի սահմանադրականությունը: Այս մոդելում քաղաքացին դա կարող է անել թեկուզ առաջին ատյանի դատարանում»:

Նախատեսում է մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ ունենալ փոփոխությունների նախնական հայեցակարգ, որին հաջորդող հանրային քննարկումներից հետո էլ մինչև տարեվերջ պատրաստ կլինի վերջնական փաստաթուղթ, իսկ արդեն մինչև հաջորդ ամառ ունենալ նախագիծ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի։ Հանձնաժողովի մյուս անդամները փոփոխությունների մասին դեռևս հրապարակային գնահատականներ հնչեցնել չեն ցանկանում։ Հանձնաժողովում ներկայացված են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկա է գտնվել միայն առաջին նիստին, բացակայությունն ավելի վաղ որակել էր բոյկոտ։

XS
SM
MD
LG