Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի աջակիցների և ընդդիմախոսների ցույցեր Մինսկում


Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակիցների հավաքը կառավարության շենքի մոտ, Մինսկ, 16 օգոստոսի, 2020թ.

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր նորից հավաքվում են հազարավոր մարդիկ և իրենց անհամաձայնությունն են հայտնում նախագահական ընտրությունների արդյունքների հետ:

Ճիշտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրություններում, ըստ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը և վեցերորդ անգամ ընտրվել է հանրապետության ղեկավարի պաշտոնում:

Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ 10 տոկոսը: Հարևան Լիտվայում ապաստանած Տիխանովսկայան չի ընդունում պարտությունը և ժողովրդին կոչ է անում խաղաղ միջոցներով պայքարել արդարությունը վերականգնելու համար:

Բելառուսում ընտրություններից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, տեղի են ունեցել ընդհարումներ, ոստիկանությունը չափազանց կոշտ միջոցներ է ձեռնարկել, կան հազարավոր ձերբակալվածներ և վիրավորներ, զոհվել է առնվազն երկու մարդ:

Եվրոպական միությունը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ: Եվրոպական երկրներն առաջարկում են անցկացնել նոր ընտրություններ՝ միջազգային դիտորդների հսկողության ներքո: Բելառուսը մերժում է այսօրինակ հնարավորությունը:

Բելառուսի իշխանություններին քննադատել են ԱՄՆ-ը, ԵԱՀԿ-ն և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

26 տարի նախագահող Լուկաշենկոն պնդում է, որ բողոքի ակցիաները դրսից են կարգավորվում: Երեկ նա հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այսօր Մինսկում տեղի է ունեցել Լուկաշենկոյի աջակիցների երթը: Լրատվական միջոցները հայտնում են, որ բելառուսներին ստիպել են մասնակցել այդ միջոցառմանը, մարդկանց ցուցակագրել են և նկատել են տալիս, որ չմասնակցելը խնդիրներ կառաջացնի:

Ավելի ուշ պետք է տեղի ունենա «Երթ հանուն ազատության» ակցիան, որն ընդդիմությունն է նախաձեռնում:

Լուկաշենկոյի նախագահության օրոք Բելառուսում տեղի ունեցած ոչ մի ընտրություն Արևմուտքի կողմից արդար և ազատ չի համարվել:

XS
SM
MD
LG