Մատչելիության հղումներ

Այսօրվանից պարտադիր չէ անձնական մեքենաներում դիմակ կրելը


Դիմակ կրելն այսօրվանից պարտադիր չէ անձնական մեքենաներում: Պահանջը շարունակում է գործել քաղաքային տրանսպորտի` այդ թվում տաքսիների, համար։

Պարետատան որոշմամբ, այսօրվանից փոխվել է նաև բացօթյա տարածքներում դիմակ կրելու պահանջը: Մասնավորապես, դիմակ դնելը պարտադիր չէ բնության գրկում, սակայն բաց և փակ տարածքներում պահանջը մնում է ուժի մեջ։

Այն, որ վերանայվում են դիմակը դնելու պահանջները, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսին 12-ին խորհրդարանում արտակարգ դրությունը երկարաձգելու հիմնավորումները ներկայացնելիս հայտնեց։

Նոր փոփոխություններն արդյո՞ք կազդեն կորոնավիրուսի վիճակագրության վրա: Վիճակագրագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը համոզված է, որ մինչև սեպտեմբերի վերջը բացասական ազդեցություն չենք ունենա:

Նա Կառավարության որոշումն արդարացված է համարում. – «Հիմա մենք տեսնում ենք, որ միջին շաբաթական գրանցված դեպքերի թիվը 170 է օրական: Մինչև այդ մաքսիմումի վրա ինքը համարյա 650-ի էր հասնում։ Այսինքն՝ նվազել է էականորեն: Սակայն վերջին օրերին նվազումը մի քիչ դանդաղել է»։

Միքայելյանի խոսքով, հիմա հիվանդության տարածման առումով կայուն իրավիճակը շարունակվում է։ Վիճակագրագետը չի բացառում, որ ևս մեկ ամիս նման պատկեր լինի: Այդուհանդերձ ասում է, թե դեռ տեսանելի չէ վարակի անկումը. – «Կա կարծիք, որ պետք է ձևավորվի հավաքական իմունիտետ: Սակայն ստեղ մենք խնդիր ունենք այն իմաստով, որ ինչքան է պահանջվում հավաքական իմունիտետը, որպեսզի վարակի տարածումը կասեցվի: Կան հաշվարկներ, որ դրա համար անհրաժեշտ է բնակչության 58 տոկոսի իմունիզացիան, կան ուրիշ հաշվարկներ, որոնք գնահատում են, որ 74 տոկոսի իմունիզացիան»:

Վիճակագրագետի հաշվարկով, Հայաստանի բնակչության միայն 7 տոկոսն է այս ընթաացքում իմունիտետ ձեռք բերել:

Հրանտ Միքայելյանը համոզված է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը գրանցված 41 հազար 299-ից մոտ 5 անգամ ավելի է Հայաստանում։ Ասում է՝ ինչպես ցանկացած երկրում, մեզ մոտ էլ չեն գրանցվել բոլոր դեպքերը։ Ենթադրում է, որ բոլոր դեպքերը գրանցելու համար Հայաստանում օրական 20 հազար թեստ պետք է անցկացվի, այնինչ վերջին շրջանում օրական միջինը 1700 թեստ է անցկացվում. – «Կառավարությունը լավ կանի, եթե աշխատի էդ հնարավորությունները գտնել, որովհետև նույն Վրաստանում, օրինակ, օրական 4 հազար տեստ է արվում, և իրանք հայտնաբերում են 10-20 դեպք: Մենք հայտնաբերում ենք 200 դեպք, և անում ենք միջին շաբաթականը 1400 թեստ»:

Արտակարգ դրության կանոններն այս շաբաթ մեղմացվեցին, երբ ևս մեկ ամսով՝ արդեն հինգերորդ անգամ երկարաձգվեց այն։ Այսուհետ կթույլատրվեն հավաքներն ու գործադուլները, սակայն` դիմակով ու սոցիալական հեռավորության պահպանմամբ։ Հարսանիք, ծնունդ, կնունք կազմակերպելու հնարավորություն էլ կունենան քաղաքացիները բաց և փակ տարածքներում, սակայն` մինչև 40 մարդու մասնակցությամբ:

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք էլ կարող են Հայաստան գալ, բայց նրանք ստիպված կլինեն երկշաբաթյա ինքնամեկուսացման գնալ, իսկ եթե այդ ընթացքում թեստ հանձնեն ու բացասական լինի, կարող են դուրս գալ ինքնամեկուսացումից։

Առողջապահական գերատեսչությունից կրկին հիշեցնում են, որ նոր մեղմացումները չպետք է պատճառ դառնան հակահամաճարակային կանոններն անտեսելու համար։

ՔՈՎԻԴ-19-ի ռիսկերը շարունակում են մնալ։ Երեկ իրականացած 1465 թեստից 276 մոտ մարդու մոտ է կորոնավիրուս ախտորոշվել: Առողջացածներն ավելացել են ևս 267-ով։ Հիվանդությունից այս պահին 6 հազար 82 մարդ է բուժվում։ COVID-19-ից մահվան ևս 5 դեպք է գրանցվել: Մահացածներից ամենաերիտասարդը 69, իսկ ամենատարեցը 83 տարեկան էր։ Ըստ Առողջապահության նախարարության, բոլորն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ։

Առողջապահական գերատեսչրությունից հայտնում են, որ կորոնավիրուսի դեպքերի նվազմանը զուգահեռ, նաև ծանր և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացիների թիվն է նվազում։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Աինա Նիկողոսյան. – «Այսօրվա դրությամբ ծանր վիճակում գտնվող ունենք 226 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 67-ը, և թոքային արհեստական օդափոխման սարքին միացված կա 19 պացիենտ»:

Առողջապահության նախարարությունում ծանր և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացիների թվի նվազումը պայմանավորում են կորոնավիրուսի նոր դեպքերի նվազմամբ։

XS
SM
MD
LG